Փենսիլվանիայի դատարանը կասեցրել է այն օրենքի գործունեությունը, համաձայն որի քվեարկության ժամանակ ընտրողները պարտավոր են ներկայացնել անձը հաստատող, լուսանկարով փաստաթուղթ: The New York Times-ը հաղորդում է, որ որոշումը ընդունող դատավորը համարել է, որ նահանգի իշխանությունները անհրաժեշտ ջանքեր չեն ներդրել, որպեսզի բնակիչները ստանան այդպիսի փաստաթուղթ: Համաձայն ընդունած որոշման` ընտրողներին նախկինի նման կարող են խնդրել փաստաթուղթ ներկայացնել, սակայն դրա բացակայության դեպքում իրավունք չունեն նրանց արգելել մասնակցելու ընտրություններին:
Նման որոշում է կայացրել այն նույն դատավորը, որն օգոստոսին հրաժարվել էր օրենքում փոփոխություն մտցնել: Ինչպես գրում էր Huffington Post պարբերականը, սեպտեմբերի 18-ին դատավորին Փենսիլվանիայի Գերագույն դատարանն է պարտավորեցրել որոշումը վերանայել: Նահանգի դատական բարձրագույն մարմինը խորհուրդ է տվել ժամանակավորապես կասեցնել օրենքը` մինչ նախագահական ընտրությունների ավարտը:
2012 թ. մարտին ընդունած այս փաստաթղթի նպատակն էր (որը ընդունվել էր տեղական օրենսդիր մարմնում հանրապետականների մեծամասնության շնորհիվ) քվեարկության ժամանակ թույլ չտալ օրենսդրության հնարավոր խախտումներ: Դեմոկրատները դեմ էին այդ օրինագծի ընդունմանը: Շուտով դրանով սկսեց հետաքրքրվել Արդարադատության դաշնային նախարարությունը, որը ստուգումներ նախաձեռնեց: Միաժամանակ դատարան հայց ներկայացվեց, որով բողոքարկվում էր օրենքը:
Օրենքի դեմ հանդես եկողները գտնում էին, որ այդ օրենքով սահմանափակվում էին աղքատների, տարեցների և ազգային փոքրամասնությունների իրավունքները: Նրանք հավաստիացնում էին, որ հենց այդ մարդիկ մեծամասամբ չունեն վարորդական իրավունքի վկայականներ, ինչը ևս լուսանկարով փաստաթուղթ է համարվում: Արդյունքում հայցվորները հավաստիացնում էին, որ այն բնակիչները, ովքեր չունեն այդպիսի փաստաթուղթ` ավտոմատ զրկվում են ընտրելու իրավունքից:
Փորձագետների կարծիքով` օրենքն առաջին հերթին հարված էր հասցնելու Օբամայի դիրքերին. ներկայացված խմբերի բնակիչներն առաջին հերթին համարվում են նրա ընտրողները: Quinnipiac-ի, The New York Times-ի և CBS News-ի համատեղ անցկացրած հարցման արդյունքներով նախորդ շաբաթ Փենսիլվանիայում Օբաման ավելի առաջ էր, քան Ռոմնին` ունենալով բնակիչների 54% ձայները:
Նահանգի ղեկավարությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը ԱՄՆ Գերագույն դատարանում, սակայն քիչ է հավանականությունը, որ այն հօգուտ իշխանությունների կլուծվի:








































