Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դաշինքի այսօրվա խորհրդակցության ավարտից հետո հանդիպում է ունեցել լրագրողներ հետ:
Բիձինա Իվանիշվիլին լրագրողներին հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է դեպի Վաշինգտոն: Իվանիշվիլին հավելել է, որ ԱՄՆ այցելելու հրավեր է ստացել Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ՝ մանրամասնելով, որ Վաշինգտոն կայցելի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո:
Իվանիշվիլին ընդգծել է, որ դեռ ոչ ոք իրեն չի շնորհավորել Ռուսաստանից և իր՝ Ռուսաստան գնալու մասին որևէ խոսք չի եղել: Իվանիշվիլին ԱՄՆ-ին որակել է որպես Վրաստանի ռազմավարական գործընկեր: Նա նաև հերքել է շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, որ արտգործնախարարի պաշտոնում նշանակելու է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին:
Իվանիշվիլիի խոսքերով՝ իր թիմից և ոչ մեկն էլ տեղյակ չէ, թե ինչ է ինքը մտադիր անել՝ ընդգծելով, որ ներկայումս հաստատ է մի բան, որ երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելու է ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին:








































