ԱՄՆ-ում շուտով նախագահական ընտրություններ են, որին, ինչպես արդեն հայտնի է, մասնակցում է գործող նախագահ Բարաք Օբաման: Նա նախագահի թեկնածու է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից՝ երկրորդ ժամկետի համար: Օբաման վայելում է Ամերիկայի բազմաթիվ հայտնի մարդկանց աջակցությունը, որոնք նախկինում մեկ անգամ չէ, որ հրապարակավ աջակցություն են հայտնել նրան: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:
Նրա նախընտրական արշավին մասնակցում են հանրահայտ երգչուհիներ և դերասանուհիներ: Ջուլիանա Մուրը, Բեյոնսեն, Էշլի Ջադը, Ջենիֆեր Լոպեսը, Եվա Լոնգորիան և բազմաթիվ այլ աստղեր հաջակցություն նախագահի պաշտոնում Օբամայի թեկնածության՝ նկարահանվել են հոլովակում:
Ուժեղ, տաղանդավոր և հաջողակ կանայք, որոնք փայլուն կարիերա են ստեղծել շոու-բիզնեսում, պարզաբանում են իրենց դիրքորոշումն ու հայտնում պատճառները, ինչի համար արժե քվեարկել Օբամայի օգտին:
Հոլովակի հիմնական մեսիջը պայքարն է ժամանակակից աշխարհում կանանց համահավասար իրավունքների համար: Արշավի մասնակիցների կարծիքով՝ հենց գործող նախագահն է աջակցություն ցուցաբերում կանանց, շնորհիվ նրա՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնագիտական հնարավորությունները մշտապես աճում են:
Հոլիվուդյան գեղեցկուհիները Ամերիկայի կանանց կոչ են անում մասնակցել քվեարկությանը, քանի որ յուրաքանչյուր ձայնը նշանակություն ունի, և կանայք կարող են որոշել այդ ընտրությունների ելքը: «Եթե մենք գիտակցենք մեր ուժը, կկարողանանք առաջ շարժվել»,- հայտարարել են նրանք:
Հանրահայտ մարդիկ ուշադրություն են դարձնում նաև Օբամայի անձին, նրա կենսագրությանը, ընտանիքի պատմությանը:
«Ես կարող եմ նրա պատմությունը պատմել իմ դստերը,- ասում է Բեյոնսեն:- Այդ պատմությունը ցույց է տալիս, որ կարևոր չէ` ինչից ես սկսում. դու կարող ես ջանասիրաբար աշխատել և հասնել նրան, ինչին ձգտում ես»:
«Երբ ես լսում եմ, թե ինչպես է Օբաման խոսում իր դուստրերի մասին, հասկանում եմ, որ այդ մարդը հոգում է ոչ միայն երկրի ապագայի, այլև երկրում բոլոր երիտասարդ կանանց ապագայի համար»,- ասում է Շերիլ Քրոուն:
Օբամայի հասցեին անկեղծ խոսքեր հնչեցնելուց բացի` հոլիվուդյան աստղերը քննադատում են նրա մրցակից Միթ Ռոմնիին:
Դերասանուհի և սցենարիստ Ջեյն Լինչը հայտարարում է. «Ցավոք, այս ընտրություններին ակնհայտ է թեկնածուների միջև դիրքորոշումների կտրուկ հակադրություն: Օբաման հավատում է կանանց, վստահում նրանց` պատասխանատու որոշումներ կայացնելու հարցում, մինչդեռ Ռոմնին, ինչպես երևում է, մտադիր է մեզ զրկել այդ իրավունքից»:







































