Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հայտարարություն է տարածել՝ կապված Թուրքիայի 8-րդ նախագահ (1989-1993) Թուրգութ Օզալի արտաշիրիմման հետ:
Էրգինը հայտարարել է, որ նախկին նախագահի աճյունը գտնվում է լավ վիճակում և հարմար է դատաբժշկական փորձաքննության անցկացման համար. «Այն բանից հետո, ինչ որոշում ընդունվեց դիակի արտաշիրիմման մասին, շատերը նշում էին, թե դա որևէ օգուտ չի տա Օզալի մահվան հագնամանքների հետաքննմանը:
Նրանք դա պատճառաբանում էին նրանով, որ Օզալի մահվանից անցել է շուրջ 20 տարի: Սակայն, ի հակադրություն նրանց այդ պնդումների, դատաբժշկական փորձագետները շատ կարևոր տվյալներ ստացան արտաշիրիմումից, քանի որ Օզալի դիակի մեծ մասը չի քայքայվել»:










































