Երեկ տեղեկություն տարածվեց, թե Վարդան Օսկանյանին ԱԺ-ում անձեռնմխելիությունից զրկելու որոշման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու և իր դիրքորոշումն է արտահայտելու Ռոբերտ Քոչարյանը: Սակայն հետո երկրորդ նախագահի գրասենյակը, որը տարածել էր այդ տեղեկությունը, ինքն էլ հերքել է այն՝ ասելով, թե Քոչարյանի արձագանքը հետաձգվում է և կլինի վաղը, այսինքն՝ այսօր:
Ի՞նչն է հետաձգման պատճառը՝ բնականաբար չի նշվում: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը, մինչև հայտարարությամբ հանդես գալը, փորձել է առավել հանգամանալից ճշգրտել իրավիճակը: Այսինքն՝ դա երևի թե նշանակում է ճշտել այս ամենի վերաբեյալ արտաքին աշխարհի, մասնավորաբար Ռուսաստանի վերաբերմունքը, նաև ճշտել ինչ-ինչ բաներ Սերժ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է ստեղծված իրավիճակում: Ըստ երևույթին, միայն դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի համար հստակ կլիներ, թե ինչ պետք է ասել և ինչ տոնայնությամբ:
Քոչարյանն, իհարկե, Օսկանյանի գործի առումով ունի բարոյական պարտավորվածություն ՝ արձագանքի և զորակցության տեսանկյունից, սակայն կարելի է չկասկածել, որ նրա արձագանքում առաջնայինը լինելու է քաղաքականությունը, քաղաքական շահը, և նման պարագայում Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվելու է նրանով, ինչ պետք է իրեն, ոչ թե Օսկանյանին: Հետևաբար, նրան ժամանակ էր պետք հասկանալու և պարզելու համար, թե իրավիճակը որքանով է իր համար սպառնալիքներ պարունակում, ինչ սպառնալիքներ են դրանք, և ինչպես է պետք արձագանքել:
Խնդիրը միայն այն է, թե արդյո՞ք Քոչարյանի համար մեկ գիշերը կամ մի քանի ժամը, որով հետաձգվել է հայտարարությունը, բավարար կլիներ իրավիճակին հանգամանորեն ծանոթանալու և հնարավորինս ճշգրիտ ու դիպուկ հայտարարություն անելու համար: Բանը այն է, որ ներկայիս իրավիճակում Քոչարյանի հայտարարությունը, ըստ էության, կարող է ճակատագրական, ելակետային լինել հետագա ներիշխանական զարգացումների տեսանկյունից:







































