«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության լիդերներից, «Վրացական երազանք» դաշինքի անդամ Զախարիա Կուցնաշվիլին:
– Պարոն Կուցնաշվիլի, ինչի՞ արդյուք էր խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը և սպասելի՞ էր այն:
– Մենք ոչ միայն սպասում էինք, այլ ամեն ինչ արեցինք, որ հաղթանակն իրական լիներ: Դա արդյունք էր այն բանի, որ վրաց ժողովուրդը պայքարեց և հասավ արդարության: Մենք արդեն երկար տարիներ է՝ կառուցում ենք անկախ պետություն, և չէր եղել ոչ մի դեպք, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն լիներ: Սա առաջին դեպքն էր անկախ Վրաստանի պատմության մեջ, որ վրաց ժողովուրդը կատարեց իր ընտրությունը և կանխորոշեց իր վաղվա օրը: Ժողովուրդն այսօր իսկապես տոնում է իր հաղթանակը և Սաակաշվիլիի ռեժիմից ազատվելը:
– Մի փոքր կմանրամասնե՞ք ձեր դաշինքի ծրագրերը: Մասնավորապես, հայ-վրացական հարաբերությունների մասով արդեն իշխանության եկած «Վրացական երազանքն» ի՞նչ քաղաքականություն է իրականացնելու:
– Մեր նպատակն այն է, որ զարգացնենք այդ հարաբերությունները, որպեսզի երկու երկրների հարաբերությունները օգտակար լինեն կողմերի համար: Հայաստանի զարգացումը օգնություն է Վրաստանի համար և հակառակը՝ Վրաստանի զարգացումը կարող է օգնություն լինել Հայաստանի համար: Այնպես որ, մեր առջև դրված խնդիրն այն է, որ զարգացնենք համագործակցությունը և ամրապնդենք առևտրատնտեսական կապերը:
– Վրաստանի հայ համայնքն ունի չլուծված խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է՝ լեզվի խնդիրը, դպրոցների, եկեղեցիների: Ի՞նչ ծրագրերի միջոցով եք փորձելու լուծել այս հարցերը:
– Դա բարդ հարց է: Չնայած նրան, որ Վրաստանի հայկական համայնքն ունի իր դպրոցները, ունի մշակութային պահանջների իրավունք, մնում են չլուծված հարցեր: Հավանաբար մենք պետք է բանակցություններ վարենք համայնքի հետ և բարելավենք այն, ինչ ունենք: Հստակ լուծում տալ այդ հարցերին դժվար է, բայց մենք մտադիր ենք լրջորեն բարելավել Վրաստանի կրթական համակարգի որակը: Իսկ Վրաստանի կրթական համակարգը ներառում է նաև հայկական կրթօջախները:
– Արդեն կան նման խոսակցություններ, որ ձեր քաղաքական ուժը մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ի՞նչ քաղաքականություն եք վարելու այս ուղղությամբ:
– Մենք չենք թաքցնում մեր մտադրությունը՝ լավացնելու, հարթելու այդ հարաբերությունները: Սակայն միաժամանակ այդ հարաբերությունները պետք է բարելավվեն խաղաղության և արդարության սկզբունքի հիման վրա: Մենք կարծում ենք, որ Վրաստանն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարիքը: Պետք է լուծել կուտակված խնդիրները: Այնպես որ, մենք այդ ուղղությամբ ստիպված ենք աշխատել, քանի որ նրանք մեր հարևաններն են, և դա փոխել հնարավոր չէ:
– Այնպես է ստացվել, որ տարածաշրջանում Վրաստանն իր համար ռազմավարական գործընկեր է ընտրել Ադրբեջանին: Նոր իշխանության պայմաններում հնարավո՞ր է վերանայվի սա և նոր քաղաքականություն իրականացվի:
– Մենք մտադիր չենք լրջորեն փոփոխել մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Հակառակը, մենք գտնում ենք, որ պետք է ընդլայնել այդ կապերը: Այն փաստաթուղթը, որը հաստատել է մեր խորհրդարանը՝ Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, չենք կարծում, որ վերանայման կարիք ունի: Կարելի է բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, միաժամանակ նորմալ բարեկամական կապեր ունենալ Ադրբեջանի հետ: Այնպես որ, մենք այս հարցում հակասություն չենք տեսնում:








































