2012 թվականի ապրիլից Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ մարզկենտրոններում, այդ թվում`Վանաձորում բացված Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակ մուտք է եղել 156 գրավոր դիմում, տրամադրվել է 70 բանավոր խորհրդատվություն:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացվել է 28 ահազանգ, որից գրասենյակն արագ արձագանքել է 25-ին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ`25-ից 7-ին: Վերջին դեպքում դիմումները տեղամասային կենտրոնների դիմաց խմբերով հավաքվելու, ինչ-որ անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու, նրանց ընտրատեղամասեր ուղեկցելու վերաբերյալ են եղել: Ահազանգերի հետքերով արագ արձագանքման խմբերը տեղամասային կենտրոնների դիմաց մարդկանց կուտակումներ են հայտնաբերել և այդ ուղղությամբ գործողություններ չձեռնարկող ոստիկանների: Նշված խախտումն արձանագրվել է կոնկրետ 3 տեղամասերում: Ընտրության օրը այդ մասին տեղյակ է պահվել նաև ոստիկանության բաժնի պետին:
Քաղաքացիների`սոցիալական հարցերով դիմումները կապված են նպաստ-թոշակների, դեռևս ԽՍՀՄ տարիներին ներդրված ավանդների հետ: Դիմում են հանրային ծառայություններ մատուցող, մասնավորապես`էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ընկերությունների գործունեության, ոստիկանության աշխատակիցների գործողությունների կամ անգործության վերաբերյալ բողոքներով: Լուծումներն էլ սոցիալական ոլորտում են գրանցվում, օրինակ`դադարեցված նպաստի վերականգնում: Եղել են ոստիկանության բաժիններում առանց օրինական հիմքերի հարցաքննության կանչված անձանց ազատ արձակման դեպքեր:
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ մտնում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները: ՄԻՊ-ը չի քննարկում քաղաքացիների, կազմակերպությունների միջև ծագած վեճերը, դատական վարույթում գտնվող գործերը: Վերջին դեպքում միայն խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին, նրանց ծանոթացնում իրենց դատավարական իրավունքներին: Առանձին դեպքերում բացատրվում են դատական կամ վարչական ակտերի դեմ բողոքարկման կարգն ու պայմանները:










































