ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Երևան քաղաքի խնդիրներին: Նրա խոսքով՝ մեր քաղաքը բարեկարգվում է, բայց բարեկարգման կարևոր մաս է նաև ճաշակը, իսկ այսօր ճաշակի բացակայության վառ օրինակներ շատ կան: Նա օրինակ է բերել վերջերս քաղաքի բակերից մեկում` ավտոտնակների վրա, անհամատեղելի գույներով նկարները: Սա, նրա բնորոշմամբ, անճոռնիզմ է:
Երևանը, նրա խոսքով, միշտ ունեցել է իր համը, հոտը:
Շ. Պետրոսյանն անդրադարձավ նաև վերջերս քաղաքում տեղադրված Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձաններին: Ըստ նրա՝ գաղափարը հրաշալի է, քանդակները՝ վատը:
Երգչուհու խոսքով` քաղաքապետարանն ունի Գեղարվեստի խորհուրդ, և երկու քանդակներն էլ չեն ընդունվել խորհրդում: Հարց է ծագում` այդ դեպքում ինչու են թույլ տվել, որ տեղադրեն: Բացի այդ` այդքան տաղանդավոր քանդակագործների՝ Գետիկ Բաղդասարյանի, Արա Շիրազի, Աշոտ Բաղդասարյանի և մյուսների կողքին միշտ պատվեր են ստանում մեկ-երկու քանդակագործներ, և մեր քաղաքում անհնարին է պատկերացնել այդ ցածրորակ աշխատանքները:
Ինչպես ասաց պատգամավորը, անկախ նրանից` ռեստորան են կառուցում, թե բակ են բարեկարգում, պետք է հաշվի նստեն մասնագետների կարծիքի հետ, քանի որ Երևանը բոլորինս է:










































