Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու խնդրին.
«Եվրաինտեգրման ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերում Վրաստանի ռազմավարությունը մնում է անփոփոխ: Մենք հստակ դիրքորոշում ունենք Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ: Մենք հրաժարվելու ենք Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանը համաշխարհային խաղացողի վերածելու քաղաքականությունից:
Դա սխալ քաղաքականություն է: Մենք մտադիր եք վերածվել տարածաշրջանային խաղացողի և կարգավորել մեր հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ: Վրաստանը փորձելու է որոշակիորեն կանխորոշել տարածաշրջանի քաղաքականությունը:
Բնականաբար, մենք ցանկանում ենք ունենալ ռազմավարական գործընկերներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ը, սակայն մենք ցանկանում ենք նաև լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ, քանի որ բարիդրացիական քաղաքականությունը մեր առաջնահերթությունն է»:
Իվանիշվիլին լրագրողներին հավելել է, որ դեռ ոչ ոք իրեն չի զանգահարել Սպիտակ տնից ու Կրեմլից՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար:








































