«Մենք նախկինում՝ 1991թ.-ից հետո, 3-4 տարի ունեինք այդ կապվածությունը. կենսաթոշակները կախված էին միջին աշխատավարձից: Ինչո՞ւ այն ժամանակ հրաժարում կատարվեց համակարգից: Այս հարցը կարելի է ուղղել իրենց, բայց ես իրենց փոխարեն բացատրեմ՝ բյուջեն այդ հնարավորությունը չուներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը դրական եզրակացություն տա պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած` կենսաթոշակների նշանակման կարգի մասին օրինագծին:
Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում 2013թ.-ի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2012թ.-ի միջին աշխատավարձի 30 %-ի չափով և հետագա տարիներին բարձրացնել այդ չափը:
Ըստ Արամյանի՝ այսօրվա դրությամբ եկամուտի և աշխատավարձի միջև կապը հենց կենսաթոշակային բարեփոխումների միջոցով է ստեղծվում, ու դա ավելի քիչ ցավալի է, քան եթե որոշակի մեխանիզմների, բանաձևերի օգնությամբ դրվի նմանատիպ կապ:
«Եթե բարձրացնում ենք միջին կենսաթոշակը, ասենք` 30 հազարից մինչև 42 կամ 45 հազար, ունենալով 460-480 հազար կենսաթոշակառուներ` 4.8-5 մլրդ դրամի չափով պահանջ կներկայացվի բյուջեին: Եվ, բնականաբար, ինչքան աշխատավարձերը բարձրանան, կենսաթոշակները պետք է բարձրանան: Որպեսզի այդ բարձրացումն ապահովվի, պետք է բյուջեի ֆինանսների մասով կայունություն ապահովենք: Իսկ հարկերի վարչարարության բարելավումը միանգամից հնարավոր չէ, հետևապես` այդ կապը ստեղծել հնարավոր չէ: Որտեղի՞ց ենք փոխհատուցելու»,- ասաց Վ. Արամյանը:
Փոխնախարարի խոսքով` պետական չինովնիկները նմանատիպ քայլ անելով և գիտակցելով, որ դրանով ավելի մեծ հավակնություններ կունենան հասարակության շրջանում, չեն անում, քանի որ միջոցները սուղ են, իսկ դրանք պետք է խելամիտ կառավարել: Նա բերեց Հունգարիայի օրինակը, որը միջոցները չխնայելու պատճառով տապալել էր բարեփոխումները:







































