Շաբաթ օրը՝ սեպտեմբեր 29-ին, ֆրանսահայ ռադիոալիքները ռադիոմարաթոն էին կազմակերպել՝ ի նպաստ Սիրիայի հայ համայնքի: Բարեգործական այս միջոցառմանը մասնակցում էին Փարիզի ԱՅԲ Էֆ.Էմ.-ը, Վիենի «Ռադիո Արմենին» և Վալանսի «Ռադիո Ա-ն»: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը։
Առաջին արդյունքներով՝ Փարիզի տարածքում՝ 25 հազար, Վիենում, Վալանսում և շրջաններում՝ 10 հազար, ընդամենը՝ 35 հազար եվրոյի նվիրատվության խոստում է արվել:
ԱՄՆ-ում ևս «Սիրիահայերին օժանդակության գործադիր մարմինը» հայաշատ Գլենդեյլում սեպտեմբեր 19-ին դրամահավաք էր կազմակերպել: Հանգանակվել է 147 հազար դոլար:
«Սիրիահայերին օժանդակության գործադիր մարմնի» կազմում են Հայ ավետարանական համայնքի, Հայ օգնության միության, Հայ բարեգործական ընդհանուր միության, Արևմտյան թեմի ազգային վարչության, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ազգային կեդրոնական վարժարանի, ինչպես նաև Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ), Հայ յեղափոխական դաշնակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ:









































