Սաակաշվիլին ընդունեց իր կուսակցության պարտությունը, ինչը ժողովրդավարական սկզբունքների մասին է խոսում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը խոսեցին «Հետընտրական Վրաստան: Ինչ սպասելիքներ ունի Ջավախքը նոր խորհրդարանից» թեմայով:
Գնահատելով ընտրությունների ընթացքը՝ Ալիկ Էրոյանցն ասաց, որ ընտրությունները կարելի է գնահատել նորմալ, եթե հաշվի չառնենք խախտումների հետ կապված հաղորդումները:
«Արձանագրվել են մի քանի խախտումներ, ընտրատեղամասերում առկա են եղել անհետացող թանաքով գրիչներ, կարուսելի վերաբերյալ ահազանգ է եղել, լցոնումներ, ապա նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից եղել են ճնշումներ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների վրա: Այս ճնշումները և այս գործելաոճը ուղղորդվել է իշխող կուսակցության մեծասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից»,- մեկնաբանեց Ալիկ Էրոյանցը՝ շարունակելով, որ Սաակաշվիլին ընդունեց իր կուսակցության պարտությունը, ինչը ողջունելի է, քանի որ խոսում է ժողովրդավարական սկզբունքների մասին:
Բանախոսը արձանագրեց, որ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ Իվանիշվիլու ընդդիմադիր ճամբարում հայտնվել էին մի շարք վրացի հայատյաց գործիչներ, ուստի իշխանափոխությունը կարող է որևէ փոփոխություն չվբերել ջավախահայերի կայնքում: Բանախոսը նաև արձանագրեց, որ այս անգամ վիրահայությունն իրեն դրսևորեց Վրաստանի քաղաքական ամբողջ տրամաբանության մեջ:








































