ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, ասաց, որ այս խմորը շատ ջուր է վերցրել և դեռ վերցնելու է` հիշեցնելով, սակայն, որ չոր կեղտը մարդուն չի կպնում, և եթե մարդը անմեղ է, ապա նա անհանգստանալու ոչինչ չունի:
Ըստ ՕԵԿ պատգամավորի` որևէ մեկը Վարդան Օսկանյանին չի հանձնում, պարզապես անհրաժեշտ են ցուցմունքներ. խոսքը նրա ազատության, պատգամավորության գործունեության, ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին չէ: Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը որոշում է ընդունել մասնակցելու քվեարկությանը` միաժամանակ հավելելով, որ ՕԵԿ-ի պատգամավորները ազատ են լինելու իրենց որոշման մեջ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր ելույթը սկսել է հետևյալ կերպ. «Այս տարիներին պայքարելով հանցագործության դեմ, պաշտպանելով քաղաքացու շահերը` իրականացրել եմ գործողություններ, որոնք այլ անձանց շահերից չեն բխել, ուստի բնական է, որ որոշ պատգամավորների ելույթները հենց այս համատեքստում են: Վարդան Օսկանյանի ելույթը զգալի թվով պատգամավորների հուզեց»:
Գլխավոր դատախազը նկատեց, որ այս ճանապարհով Վարդան Օսկանյանը հեռացավ մի շարք կարևոր հարցերից, որոնք արտացոլված են իր միջնորդագրում:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ միջնորդագրի ներկայացումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, Վարդան Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում, իր պատգամավորական մանդատից չի զրկվում, նա ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, բացի այդ` օրենքը նախաքննություն իրականացնող մարդուն չի պարտադրում անպայման խափանման միջոց ընտրել:
Գլխավոր դատախազի հավաստիացմամբ` Օսկանյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվելու:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































