Երկու տարի առաջ` 2009թ. մարտին, Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը երեկ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ: Դեռ այն ժամանակ, այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Մեհրաբյանի աշխատանքից ազատումը` Երևանի ոստիկանապետ Ն.Նազարյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ Ա.Մեհրաբյանը լավ ոստիկան ու լավ օպերատիվ աշխատող է եղել, սակայն թույլ է տվել«վրիպում», որի պատճառով ազատվել է աշխատանքից:
Բանն այն է, որ 2008թ. դեկտեմբեր ամսին«Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր կատարվել, որը գրանցվել էր, սակայն ոստիկանների ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները չէին կարողացել ճշտել այն կատարած անձանց: Իրականում այդ հանցագործության մեջ կասկածյալներից մեկը եղել է նաև Արաբկիրի դատախազի որդին, սակայն ոստիկանությունը այդ վարկածը չի ստուգել, թեև դա պարտավոր էր անել:
Հենց այդ«վրիպում»-ի համար էլ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանն ազատվել էր աշխատանքից:
Մեկ տարի անց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով նա նշանակվում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ինչը նշանակում էր, որ Արթուր Մեհրաբյանն է նշանակել և իրականացրել Երևան քաղաքի բոլոր օրինախախտ ոստիկանների նկատմամբ նշանակված ծառայողական քննությունները:









































