Միակ խմբակցությունը, ով դեռևս պաշտոնապես չի հստակեցրել իր դիրքորոշումը ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ, ՀԱԿ-ն է: «168 ժամ»-ը գրում է, որ այս խմբակցության որոշ անդամներ համարում են, որ Օսկանյանը պետք է պատժվի, քանի որ մեղսակից է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, իսկ մյուսները գտնում են, որ չպետք է օգնել իշխանությանը քաղաքական հետապնդում իրականացնելու հարցում, անկախ քաղաքական հետապնդման ենթարկվողի անձից:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Հայաստանում չէ, և հնարավոր է, որ ՀԱԿ-ում սպասում են նրա վերադարձին, որպեսզի նա փոխանցի «հիմնադիր նախագահի» դիրքորոշումը: Նշենք, որ մնացած ոչ իշխանական խմբակցությունները` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն, հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը` ըստ էության, հետևելով ԲՀԿ-ականների` «այդ ֆարսը չլեգիտիմացնելու» կոչին: Այսպիսով, ԲՀԿ-ի տեսանկյունից այդ քվեարկության լեգիտիմացումը կախված է ՀԱԿ խմբակցությունից: