«Հայ Արտ Սինեմա» հիմնադրամն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) հայտարարում են Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի ընդունելություն, որը պետք է անցկացվի երկու փուլով: Առաջին փուլը կմեկնարկի հոկտեմբերի 23-ից, քննությունը կլինի գրավոր, որից հետո երկրորդ փուլ անցածները կհրավիրվեն հարցազրույց-քննության: «Բարձրագույն կուրսերը խորհրդային տարիներին միշտ եղել է: Օրինակ՝ Հրանտ Մաթևոսյանը այդ կուրսերին է մասնակցել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Նրա խոսքով՝ այդ կուրսերն էապես տարբերվելու են բուհական կրթությունից, քանի որ հիմնականում ընդունվելու են 30-35 տարեկան մարդիկ: Դասերն սկսվելու են նոյեմբերի 10-ից:
Մազմանյանը հայտնեց, որ մեկուկես տարի տևող բարձրագույն կուրսերում դասավանդելու են աշխարհի լավագույն ռեժիսորները, որոնց պետք է վարձատրել ու գումարներ հայթայթել այդ նպատակով, քանի որ «Կիմ Կի Դուկին ու Քշիշտոֆ Զանուսին հրավիրել ու ասել են` եկեք բարեգործություն արեք, այդպես չի կարելի»:
Նա նաև ուրախությամբ տեղեկացրեց, որ մեկ տարի հետո կսկսվի նաև Սցենարական բարձրագույն կուրսերի ընդունելությունը: Մոտ օրերս կգործի նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































