Բրազիլիայի եպիսկոպոսների ազգային կոնֆեդերացիան քննադատել և դատապատել է բրազիլական Placar ամսագրի վերջին թողարկումներից մեկի շապիկին խաչված Հիսուսի տեսքով «Սանթոս» ֆուտբոլային ակումբի խաղացող, ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի պատկերումը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Ամսագրի խմբագրությունը Նեյմարին նման տեսքով է պատկերել, որպեսզի ծաղրանքով ներկայացնի նրա հասցեին ուղղված քննադատությունների ալիքը, որը նրան թուլ չի տալիս հանգիստ խաղալ:
Կոնֆեդերացիայի պաշտոնական նամակում ասվում է, որ նման պատկերումը վկայում է հավատացյալների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին և վիրավորում է նրանց զգացմունքները:
«Մենք խոստովանում ենք, որ խոսքի ազատությունը հանդիսանում է մեր պետության հիմնական սկզբունքներից մեկը, սակայն այդ ազատությունը պետք է սահմաններ ունենա»,-ասված է կաթոլիկ կազմակերպության նամակում, որում պահանջվում է արգելել ծաղրական շապիկով ամսագրի թողարկումը:
Նամակն արդեն ստորագրել են ավելի քան 7000 հավատացյալներ:







































