ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքի նախորդ օրը Հայաստանում ԱՄն դեսպան Մարի Յովանովիչը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր քաղաքացիական հասարակության և պետության կայացման գործում դրա դերի մասին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե, հաշվի առնելով այն, որ Յովանովիչի՝ Ղրղզստանում դեսպան եղած ժամանակ այնտեղ սկսվեց գունավոր հեղափոխությունը, արդյո՞ք Հայաստանում էլ է փորձ արվում նման գործընթացներ իրականացնել։ Սահակյանը պատասխանեց. «Վերաբերմունքի խնդիր է. հայերը գույներ չունեն, մեկ տեսակ են և մեկ խնդիր ունեն աշխարհի առջև դրված»:
Սահակյանը չի կարծում, որ Մարի Յովանովիչը գունավոր հեղափոխության կոչ է անում, այդուամենայնիվ, Սահակյանն ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները մերժելի են իրենց համար.
«Չի կարելի ուղղվածություն տալ, իհարկե, ժողովրդավարության ամբողջական սցենարները մեզ համար ընկալելի են, բայց ենթատեքստային բնորոշումներ եղան, որոնք մեզ համար ընդունելի չեն»:








































