26-ամյա Պավել Օնդրոուշը, ով կեղծ մահափորձ իէ կատարել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի դեմ, մեղադրվել է խուլիգանության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Չեխիայի Խրաստավա քաղաքում, որտեղ Վացլավ Կլաուսը մասնակցում էր նոր կամրջի բացման հանդիսավոր արարողությանը: Պավել Օնդրոուշը հանգիստ մոտեցել է նախագահին, նրա կոկորդին պլաստմասե ատրճանակ պահել և մի քանի անգամ սեղմել ձգանը: Միջադեպի արդյունքում նախագահն արմունկի թեթև վնասվածք է ստացել, իսկ Օնդրոուշը ձերբակալվել և տարվել է ոստիկանական տեղամաս, որտեղ անցկացրել է գիշերը:
Խրաստավայի բնակիչները՝ Օնդրոուշի հարևանները չեխ լրագրողների մոտ նրան բնութագրել են միայն դրական կողմից` նշելով նրա աշխատասիրությունն ու քաղաքավարությունը:
Չեխական օրենքների համաձայն` խուլիգանության մեջ մեղադրվողին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:
Չեխական ոստիկանությունում ստեղծվել է հատուկ խումբ, որը հետաքննելու է երկրի նախագահի թիկնապահների գործողությունները: Նախագահի թիկնազորի պետը պարզաբանել է, որ իր ծառայությունը նախագահի Խրաստավա ժամանելուց առաջ որևէ ազդանշան չի ստացել այն մասին, որ պետության ղեկավարին վտանգ է սպառնում:











































