348թ. այս օրը Կապադովկիայի Կեսարիա քաղաքում մի քանի տարի անց հայոց կաթողիկոս ձեռնադրված Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի ընտանիքում ծնվեց եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ, Ավետարանային սյուժեների քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևը:
Սահակ Ա Պարթևը եղել է հայոց կաթողիկոսության՝ Գրիգոր Լուսավորչի տոհմից վերջին ներկայացուցիչը: Հոր կաթողիկոսական աթոռ բարձրանալուց հետո փայլուն կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի նշանավոր ուսումնագիտական կենտրոններում: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին, եղել է հմուտ հայկաբան: Հոգևորական ձեռնադրվելով՝ աչքի է ընկել առաքինությամբ
Ասպուրակես Մանազկերտցի կաթողիկոսի մահից հետո հայոց Խոսրով Դ Վերջին թագավորի կողմից նշանակվել է հայոց կաթողիկոս: Մեծ է եղել Սահակ Պարթևի դերը հայոց գրերի գյուտի և թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականության ստեղծման գործում:
Նրա եռանդուն ջանքերով հայոց Վռամշապուհ թագավորը Մեսրոպ Մաշտոցին ցույց տվեց համակողմանի օժանդակություն հայ գրերի գյուտի գործում, իսկ դրանց ստեղծումից հետո նա և Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ եղան իրենց աշակերտների հետ հայկական դպրոցներ հիմնելուն և կրթական գործի զարգացմանը: Դեռևս Մաշտոցի դեպի Աղվանք կատարած լուսավորական առաքելության շրջանում Սահակ Պարթևը ձեռնամուխ եղավ ասորերենից Աստվածաշնչի թարգմանությանը:
Նա և Մեսրոպ Մաշտոցը դարձան հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Նրանց և նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց ոչ միայն Աստվածաշունչը, այլև հույն և ասորի հեղինակների բազմաթիվ հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական և այլ բնույթի աշխատություններ:
Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց:
Մահացել է 439թ. Սեպտեմբերի 7ին Բլուր գյուղում 51 տարի հովվապետելուց հետո:
Նրա դին աշակերտների և հարսի՝ ստրատելատ Վարդան Մամիկոնյանի տիկին Դստրիկի հետ սարկավագապետ Երեմիան փոխադրեց Տարոն գավառի Աշտիշատ գյուղ և հողին հանձնեց: Եկեղեցին Սահակ Պարթևին դասեց սրբերի կարգը և նրա հիշատակի օրը մտցրեց տոնացույցի մեջ:






































