Երեկ լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Երևանի քաղաքապետարանում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս մոտ հինգ ժամ անցկացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մոտ: Թերթի պաշտոնական հարցմանը, թե երբվանից են Երևանի քաղաքապետարանում ստուգումներ սկսվել, և ինչու է Տարոն Մարգարյանը մոտ հինգ ժամ եղել Իշխան Զաքարյանի մոտ, ՎՊ լրատվական ծառայությունից պատասխանեցին.
«Վերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում ստուգումներ է սկսել սեպտեմբերի 13-ից, իսկ Տարոն Մարգարյանը ՎՊ նախագահի մոտ եղել է ոչ թե 5 ժամ, այլ 50 րոպե»: Ըստ ՎՊ լրատվական ծառայության, Երևանի քաղաքապետը սեպտեմբերի 26-ին խորհրդակցության է հրավիրված եղել ՎՊ նախագահի մոտ, որին մասնակցել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու «Հայփոստի» տնօրեն Հայկ Ավագյանը: Խորհրդակցության թեման, ըստ նույն աղբյուրի, եղել է թոշակների վճարումների հետ կապված խնդիրը: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանում սկսված ստուգումներին, դրանք, ըստ ՎՊ լրատվականի, նախատեսված են մինչև հոկտեմբերի 17-ը, իսկ հարկ եղած դեպքում, ըստ գործող օրենսդրության, կարող են երկարացվել 24 օրով, անհրաժեշտության դեպքում` ևս 12 օրով:







































