Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք ինժեներների նախագծած ANKA անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) երեկ փորձնական թռիչք է իրականացրել Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում: Սակայն թռիչքի ժամանակ թուրքական ԱԹՍ-ն կորցրել է վերահսկողությունը և վայր է ընկել: Վթարը տեղի է ունեցել 3300 մետր բարձրության վրա:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի օդագնացության ու տիեզերագնացության արդյունաբերության ընկերությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ ANKA-ի հետագա 4 փորձնական թռիչքները շարունակվելու են՝ չնայած այս ձախողմանը: Թուրքական կողմը մտադիր է այդ ԱԹՍ-ով փոխարինել իսրայելական արտադրության Heron ԱԹՍ-ները:
ANKA-ն ի վիճակի է վեր բարձրանալ մինչև 7600 մետր և օդում մնալ 24 ժամ, ԱԹՍ-ի երկարությունը կազմում է 8 մետր, թևերի բացվածքը՝ 17 մետր, քաշը 1500 կիլոգրամ, օգտակար բեռնվածությունը՝ 200 կիլոգրամ, արագությունը՝ 138 կմ/ժամ:









































