Նյու-Մեքսիկո նահանգի Վոն փոքր քաղաքի ոստիկանապետը հրաժարական է տվել, դրանից հետո իրավապահ մարմինների միակ վկայագրված աշխատակիցը, փաստորեն, Նիկա անունով ծառայողական շունն է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նախկին ոստիկանապետ Էռնեստ Արմիխոյի ենթական, որը ծառայության է մնացել ոստիկանությունում, հատուկ լիցենզիա չունի, որը թույլ կտա ձերբակալություններ իրականացնել և հրազեն կրել:
Արմիխոն որոշել էր թողնել պաշտոնը, քանի որ, ինչպես պարզվել է՝ նախկինում նա վաճառել է ծառայողական հրացանը և յուրացրել գումարը: Բացի այդ, պարզվել է, որ նա տասնյակ հազարավոր դոլարների ալիմենտային պարտքեր ունի: Երբ այդ ամենը հայտնի է դարձել, ոստիկանը որոշել է իր գործերի վրա չհրավիրել հասարակության ուշադրությունը և հրաժարական է տվել:
Ոստիկանապետի հեռանալն ու ընդհանրապես քաղաքում ոստիկանների բացակայությունը չի անհանգստացրել քաղաքի 450 բնակիչներին, քանի որ քաղաքում գրեթե ոչինչ տեղի չի ունենում:
Իշխանությունները կարծում են, որ Վոնն այնքան էլ խաղաղ ու անվտանգ չէ, քանի որ քաղաքով անցնում են մեքսիկացի թմրառևտրականները:








































