Վարդան Օսկանյանի դեմ ծավալվող գործողությունները պարզապես PR տեխնոլոգիա են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կազմում գտնվող Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով` սա իրականում ոչ Օսկանյանի դեմ է, ոչ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:
«Սա դիտարկում եմ որպես ավելի շատ նախընտրական խնդիր: Այս աղմուկն ավելի շատ օգտակար է Օսկանյանին և ԲՀԿ-ին»,- ասաց նա:
Սոս Գիմիշյանի համոզմամբ` եթե Օսկանյանը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ներկայումս ծավալվող իրադարձությունները մեծապես կօգնեն նրան: Գիմիշյանը նշեց, որ ինքը չի հավատում, թե կկալանավորեն Վարդան Օսկանյանին: Հետևաբար մնում է մտածել, որ սա պարզապես քաղաքական տեխնոլոգիա է:
Ըստ նրա` այսպիսով ձևավորվում է նախագահական ընտրություններում երկրորդ տեղ գրավող թեկնածու: Նա նշեց, որ չի կարող հստակ ասել, թե այս հարցում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև փոխհամաձայնություն կա՞, թե՞ ոչ:
Սոս Գիմիշյանը նաև նկատեց, որ Օսկանյանը նման չէ հանցագործի` միաժամանակ ընդգծելով, որ Մարտի 1-ի համար նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է նաև քաղաքական պատասխանատվություն կրում:
Սոս Գիմիշյանը դեմ է, որպեսզի Վարդան Օսկանյանին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Նա ասաց, որ ժամանակին ԱԺ-ում դեմ է արտահայտվել նաև Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ:
«Մյուս կողմից` ես կողմ եմ, որ Օսկանյանի գործը քննվի, հետևի դատարանի վճիռը: Թող դատախազությունը բարձրացնի այն հարցը, որ ԱԺ-ն թույլ տա քրեական հետապնդում իրականացնել` առանց անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու»,- առաջարկում է Գիմիշյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես նշեց, որ իր կարծիքով` Օսկանյանը հանցագործի նման չէ: Ըստ նրա` այս հետապնդումը քաղաքական է, թե ոչ` կերևա գործի քննության վերջում: Նա հավելեց, որ առանց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` հնարավոր չէ գործը խորությամբ քննել:
«Օսկանյանի մասին ընդհանուր դրական կարծիքի եմ` որպես պատշաճ մարդու, դիվանագետի»,- ասաց Ալեքսանյանը: Միաժամանակ նա նշեց, որ Օսկանյանն այն լիդերը չէ, որի վրա կարելի է հենվել և ընտրության գնալ: «Լինելով խելոք դիվանագետ` նա չունի այն կարողությունները, որ նախագահ լինի»:










































