Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը երեկ նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ առաջարկելով Ադրբեջանին բացառել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրից և դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները:
Նշվում է, որ Բերմանի այդ նամակի առաքման համար հիմք է հանդիսացել այն, որ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովը ներման է արժանացել Ադրբեջանում, ինչպես նաև, որ նրան շնորհվել է մայորի կոչում: Ամերիկացի կոնգրեսականն իր նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այդ որոշումը որակել է որպես սարսափելի՝ ընդգծելով, որ դա ծաղր է արդարադատության նկատմամբ:
Իր նամակում Բերմանը հիշեցնելով, որ Սաֆարովի կողմից հայ սպային քնած ժամանակ կացնով սպանելը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, Հիլարի Քլինթոնին կոչ է արել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների անունից ընդհանուր բողոք հղել Իլհամ Ալիևին.
«Ես կոչ եմ անում նաև, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին բացառի իր բոլոր միջոցառումներից, քանի դեռ Իլհամ Ալիևը չեղյալ չի հայտարարել իր որոշումը և մարդասպանին չի վերադարձրել վանդակաճաղերից այն կողմ կամ էլ Հունգարիա՝ ազատազրկումը կրելու համար»:
Նամակի վերջում կոնգրեսականը կոչ է անում, որ ԱՄՆ-ը դադարեցնի զենքի մատակարարումներն Ադրբեջանին և հաշվի առնի, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ենթադրի Ադրբեջանի ագրեսիայի դեմ անվտանգության ադեկվատ միջոցներ:










































