Ցանցահենային հարձակումներին, որոնց անցած շաբաթվանից ենթարկվում են ամերիկյան խոշոր բանկերը, կարող է մասնակից լինել Իրանը: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
«Ես չեմ հավատում, որ այդ հարձակումները լինեն պարզապես ցանցահենային նենգություններ: Կարծում եմ, դա արվել է Իրանի կողմից` ի պատասխան ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների սահմանած տնտեսական պատժամիջոցների»,-հեռուստաալիքին հաղորդել է Կոնեկտիկուտի նահանգի անկախ սենատոր Ջո Լիբերմանը:
Սեպտեմբերի 19-ից ԱՄՆ-ի խոշորագույն` Wells Fargo, JP Morgan, Bank of America, PNC Bank և US Bank ֆինանսական հաստատությունների կայքերը ենթարկվում են պատմության մեջ աննախադեպ ցանցահենային հարձակումների:
Հարձակումների հետևանքով անձնական տվյալներ և դրամական միջոցներ չեն գողացվել: Բանկային ծառայությունների հասանելիությունը ժամանակավորապես արգելափակվել է:
Հեռուստաալիքի փոխանցմամբ` արդեն հայտնի է, որ հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իզ ադ-Դին ալ-Կասամ» իսլամիստական խմբավորումը, որն այդ հարձակումն իրականացրել է իբրև թե պատասխան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրության:
Համակարգչային անվտագության ոլորտի մասնագետները հակված չեն հավատալու դրան, քանի որ նախկինում խումբը ցանցահենային հարձակումներ է իրականացրել բանկերի դեմ, սակայն դրանք լավ կազմակերպված չեն եղել և վնաս չեն հասցրել:












































