ՀՀ ԶՈԻ նախկին պետ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործում, երեկվա դրությամբ, որևէ կարգավիճակով ներգրավված չէր և ոչ էլ հարցաքննվել էր: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Հայտնել են նաև, որ Փայտյանի կողմից մատակարարից 300 հազար դոլար պարտքով գումար վերցնելու հետ կապված՝ նույնպես որևէ քննություն չի իրականացվում:
Մինչդեռ նախօրեին Սերժ Սարգսյանը ՊՆ-ում երկրորդ անգամ անդրադարձել էր ՀՀ ԶՈԻ նախկին պետին և նրա կողմից պարտքով գումար վերցնելու փաստին: Փայտյանի հետ առայժմ կապվել չի հաջողվում: Երեկ թերթի թղթակցի հերթական հեռախոսազանգին պատասխանել է մի անձ, որը ներկայացել է որպես «Փայտյանի օգնական» և ասել, որ գեներալը քաղաքում չէ, մի երեք օրից կվերադառնա: «ՀԺ»-ի թղթակցի տպավորությամբ՝ խոսողը հենց ինքն է եղել` Փայտյանը:







































