Հունգարիայում ՀՀ դեսպանի գործունեության վրա անցած տարի «ոչ մի կոպեկ չի ծախսվել»: Այս մասին այսօր ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բազմաթիվ երկրներ կան, որտեղ ՀՀ-ն դեսպան չունի, և այդ երկրի սպասարկումն իրականացնում է հարևան երկրի, այս դեպքում` Ավստրիայի դեսպանը:
Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մի շարք հարցերին՝ Շ. Քոչարյանը հայտարարեց, որ Շվեյցարիան կտրականապես մերժում է Հայաստանի և Թուրքիայի գաղտնի բանակցություններ անցկացնել, իսկ այդ մասին լուրերը Թուրքիան է տարածում՝ իր վրա միջազգային ճնշումը մեղմելու համար. «Զարմանում եմ, որ հայկական մամուլը կրկնում է դա»:
Փաշինյանի հարցին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ավտոմեքենան ի՞նչ միջոցներով է ձեռք բերվել, Քոչարյանը պատասխանեց` այն բյուջեի հաշվին չի, նվիրատվություն է, իր ձևակերպմամբ՝ Գերմանիայից:
Պատգամավորները հետաքրքրվեցին` այդ ո՞վ է Գերմանիայից նման մեքենա նվիրել նախարարին, Քոչարյանը «չհիշեց» և օգնականի միջոցով նշեց, թե «ինչ-որ գերմանացի»:
Ասիայում Նալբանդյանի կատարած այցելության մասին Փաշինյանի հարցը վդրովեցրեց Քոչարյանին: Նա նյարդային շարժումներով փորձեց բացատրել, որ ՀՀ շփումները շատ թույլ են, և դրանք պետք է ընդլայնել հատկապես այդ տարածաշրջանում, իսկ Նալբանդյանը, իրեն չխնայելով, մշտական թռիչքների մեջ «կոտորվում» է:
Փաշինյանի հարցապնդումը, թե կարող ենք արձանագրել, որ Հունգարիայում անցած տարի ՀՀ-ն դեսպան չի ունեցել, փոխնախարարին կրկին վրդովեցրեց, և նա սկսեց բացատրել, որ դեսպանի նշանակումը որոշ ժամանակ է պահանջում` մինչև փաստաթղթերն են ներկայացվում, հաստատվում և այլն. «Եղել է շատ բնականոն ընդհատում, որովհետև նախորդ դեսպանը եկել է ԱԳ փոխնախարար, մինչև նոր դեսպանի նշանակումը եղել է շատ բնականոն ընդհատում»:
Պատգամավորները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այս նիստին չի մասնակցում Նալբանդյանն անձամբ: Քոչարյանը տեղեկացրեց, թե նախարարի բացակայությունը հարգելի է, քանի որ նա մասնակցում է ՄԱԿ-ի գագաթնաժողովին, որտեղ հանդիպում է ունեցել նաև եռանախագահների հետ, որի ժամանակ քննարկում է եղել` կապված Սաֆարովի հետ:









































