TRT Haber-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, ինչը թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում:
Հանդիպման ժամանակ երկկողմանի հարաբերություններից բացի` կողմերը քննարկել են Սիրիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի, Սուդանի հարցերը և ընդհանրապես` իսլամական աշխարհի վերջին զարգացումները: Դավութօղլուն Սիրիայում արյունահեղության դադարեցման հարցում կարևորել է Իրանի ազդեցության գործոնը:
Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում «Արաբական գարնան» սկսվելուց հետո Թուրքիան «մշտապես գտնվել է» Սիրիայի ժողովրդի կողքին: Ահմադինեժադը նույնպես կարևորել է Սիրիայում արյունահեղության դադարեցումը՝ ընդգծելով, որ Իրանը շարունակելու է ջանքեր գործադրել տվյալ ուղղությամբ: Հանդիպման ժամանակ կողմերը մեծապես կարևորել են թուրք-իրանական համագործակցությունը, նաև` ահաբեկչության դեմ պայքարում:










































