Հունգարիայի իշխանություններն անհանգստանում են իրենց վրա ճնշումներից այն քայլերի հետևանքով, որ նախաձեռնում է ՀՀ-ն տարբեր միջազգային կառույցներում, նաև ներքին ընդդիմադիրների դժգոհությունից, և փորձում են տարբերակ գտնել, որ հարցը շուտ փակեն. այսպես մեկնաբանեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Հունգարիայի կառավարության հղած նոտան ՀՀ-ին:
«Ես չեմ հասկանում, թե մեր ԱԳՆ-ն, որն ասում է, թե Հունգարիայից կոնկրետ քայլերի է սպասում, ինչ է ակնկալում, բայց մենք կարծում ենք, որ այն վտանգը, որ իրենք բարձրացրին Արցախի խնդրում, պետք է նվազեցնեն. սա նշանակում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում»,- ասաց Կ. Մանոյանը:
Հայաստանի և Ադրեջանի նախագահների առաջիկա հանդիպում Կ. Մանոյանը չի սպասում: Ըստ նրա՝ երկու նախագահների հանդիպումից առաջ ԱԳ նախարարների լուրջ հանդիպումն է դեռ հարցականի տակ, քանի որ՝ ի՞նչ կարելի է խոսել պետության հետ, որը նման քայլերի է դիմում:
«Նախագահների մակարդակով հանդիպում պետք է բավական երկար սպասվի, եթե նման հանդիպում երբևէ կարող է տեղի ունենալ»,- նշեց Կ. Մանոյնաը:
Ներկայումս Ադրբեջանը ձգտում է բանակցային ձևաչափի փոփոխության, և այդ դեպքում, Կ. Մանոյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից ոչ միայն ձևաչափը, այլև ատյանը պետք է փոխվի, այսինքն՝ նկատի ունեն համանախագահողներից մեկին: Սակայն, բանախոսի կարծիքով, դա հեշտ չի կարող լինել, քանի որ ազդակ կլինի, որ նման ձևով կարելի է բանակցային գործընթացը հունից հանել:
«Քսան տարի զբաղվելով այս հարցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասկացել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Ատյանը փոխել՝ նշանակում է մի քսան տարի ևս սպասել, մինչև այդ ատյանը հասկանա դա»,- նշեց Կ. Մանոյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































