Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստվում է սեպտեմբերի 30-ին կայանալիք իր չորրորդ կոնգրեսին: ԱԶԿ-ի ղեկավարության հիմնական կարգախոսն է «Մեծ ազգ, մեծ ուժ, նպատակ 2023»:
Կոնգրեսում հստակեցվելու են այն կադրերը, որոնք պետք է հասնեն ԱԶԿ-ի առջև դրված նպատակներին: Այդ նպատակով ձևավորվելու է ԱԶԿ-ի 50 հոգանոց A թիմը: ԱԶԿ-ի այդ կադրերը մեծ անելիքներ ունեն՝ հաշվի առնելով, որ առաջիկա երեք տարիներին Թուրքիայում անցկացվելու են երեք ընտրություններ:
ԱԶԿ-ի ղեկավարությունը կոնգրեսում թույլատրելու է միայն թուրքական դրոշի ու կուսակցության ատրիբուտների առկայությունը: Ավելի վաղ նշվում էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ կոնգրեսում վերջին անգամ է առաջադրելու ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, 2014 թվականի օգոստոսին՝ նախագահական ընտրություններ և վերջապես 2015 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններ:







































