Սեպտեմբերի 27-ին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` «վերահաստատելու, որ Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկերն է, գնահատելու Եվրոպական միության հետ հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու Հայաստանի ջանքերը, Արևելյան գործընկերությունում ակտիվ ներգրավվածությունը, խրախուսելու հետագա բարեփոխումները երկրում և ստորագրելու ֆինանսավորման երկու փաստաթուղթ»։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահի և վարչապետի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների նախագահների, ընդդիմության ներկայացուցիչների հետ, ելույթը «Ժողովրդավարական կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը» խորագրով սեմինարին։
«Իր հանդիպումների ընթացքում հանձնակատար Ֆյուլեն կընդգծի Հայաստանի կողմից բարեփոխումների ուղին շարունակելու անհրաժեշտությունը, Եվրոպական միության ակտիվ աջակցությամբ` հիմնված այսպես կոչված «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վրա, ինչը նշանակում է ավելի շատ աջակցություն ավելի շատ բարեփոխումների և ավելի մեծ առաջընթացի համար։ Դա ընդգծելու նպատակով նա կստորագրի 43.1 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրերի ֆինանսավորումը` ԵՄ – Հայաստան ասոցիացման համաձայնագրի իրականացմանը պատրաստվելու համար:









































