Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դատի է տալիս երկրի կառավարությանը: Դրա պատճառն այն է, որ ԺՀԿ-ի պնդմամբ՝ երկրի հարավարևելյան հատվածում ընկած Հաթայ նահանգի Ափայդընի ճամբարը, ուր գտնվում են սիրիացի փախստականները, վերածվել է ապստամբական Սիրիայի ազատ բանակի շտաբի:
ԺՀԿ-ն շարունակում է պնդել, որ փախստականների այդ ճամբարում անգամ մարտական նախապատրաստություն է իրականացվում: Երեկ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ԺՀԿ-ական պատգամավոր Հուրշիթ Գյունեշը հայտարարել է, որ իրենք դրա համար դատի են տալու կառավարությանը՝ հենվելով երկրի սահմանադրության և օրենսդրության վրա, որով Թուրքիայի տարածքում օտար ուժի գտնվելու թույլտվությունը պատկանում է խորհրդարանին, որը, սակայն, այդպիսի որոշում չի կայացրել սիրիացի ապստամբների նկատմամբ:
Գյունեշը հավելել է, որ իրենք կադրեր ունեն, որոնցում երևում է, թե ինչպես է Սիրիայի ազատ բանակի առաջնորդ Ռիադ Ալ-Ասադն Ափայդընի ճամբարում ընդունում Հալեպից եկած զինյալներին:










































