ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆրեդ Հոֆը առաջիկայում հրաժարական կտա: Foreign Policy պարբերականը, վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրին, հայտնում է, որ դիվանագետն իր պաշտոնը կլքի մինչև սեպտեմբերի վերջը: Իր հերթին Agence France-Presse-ը, վկայակոչելով պետդեպի անանուն աղբյուրը, գրում է, որ Հոֆն ավարտում է դիվանագետի կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընտանիքին:
Հոֆը պետդեպի խմբի ղեկավարներից մեկն է և զբաղվում է սիրիական ճգնաժամի կարգավորմամբ: Մասնավորապես, նրա խնդիրների շրջանակների մեջ է մտնում Սիրիայի ընդդիմության հետ կապեր հաստատելը: Հոֆի հրաժարականից հետո դիվանագետների խմբում կմնա միայն Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը:
Foreign Policy-ի տվյալներով՝ Հոֆը Սիրիայի հարցերով պետքարտուղարի օգնական է նշանակվել 2012 թ. մարտին: Մինչ այդ նա աշխատում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի հետ, որը զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմամբ: Հոֆի պատասխանատվության շրջանակներում այդ ժամանակ մտնում էին Սիրիան և Լիբանանը:
Մինչև 1990 թ.՝ դիվանագիտական կարիերայի սկիզբը, Հոֆը մասնակցել է Վիետնամի պատերազմին, աշխատել պաշտպանության նախարարությունում: Մասնավորապես, 1980-ականներին նա Լիբանանի ամերիկյան դեսպանատանը զբաղեցնում էր ռազմական կցորդի պաշտոնը:










































