Դեռևս 2011 թվականի նոյեմբերին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարություն էր տարածել, nr ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը դատական որոշումները կայացնում են այնպես, ինչպես ցանկանում են: ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած` կոնկրետ հրահանգով են կայացնում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները: Արդյունքում շարքային դատավորների մեծամասնությունն այսօր գրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից: Մելիքյանը խոստացել էր դատի տալ Մկրտումյանին, սակայն հապաղում է: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ պատգամավորի հետ:
– Պարոն Մելիքյան, ի վերջո, Դուք դատի տվե՞լ եք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ի՞նչ փուլում է գտնվում գործը:
– Այո, դատի եմ տվել, ուղղակի այդտեղ դեռևս հարցեր կան լուծելու, մի երկու ամսից վերջնական կիմանանք: Ես դեռևս այն ժամանակ եմ դատի տվել, երբ որ հայտարարություն եմ արել:
– Այսինքն` դատական գործընթա՞ց է սկսվել:
– Առաջին ատյանը լսել է… հիմա պրոցեսի մեջ է, դրա համար ասում եմ` սպասենք մի երկու ամիս, ամեն ինչ պարզ կլինի: Դրանից հետո նոր ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:
– Դատարան գնացե՞լ եք, ներկա գտնվո՞ւմ եք դատական նիստերին:
– Իհարկե գնում եմ: Մի փոքր էլ սպասեք, ամեն ինչ պարզ է լինելու:
– Դուք այս անգամ էլ պատգամավորի մանդատ ստացաք ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Ձեր կողմից հիմնած «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը լուծարվե՞լ է:
– Մեր կուսակցությունը գոյություն ունի և լուծարվելու, Հանրապետական կուսակցությանը միանալու որևէ որոշում չունի, և ոչ էլ նման մտադրություն ունենք: Մեր կուսակցությունը առանձին կառույց է, նման բան չկա: Մենք անգամ ՏԻՄ ընտրություններում տարբեր գյուղերում թեկնածուներ ունեինք առաջադրած, մենք Գեղամասարում ենք ունեցել թեկնածու, որն ընտրվել է գյուղապետ, տարբեր համայնքներում ավագանիներ ունենք, որոնք էլի ընտրվել են: Սոթք գյուղում մեր թեկնածուն պարտվել է, որը սովորական բան է. մի տեղ կհաղթեն, մի տեղ կպարտվեն:
– Բայց ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո Ձեր կուսակցությունը «պասիվացել» է, ու այնպիսի տպավորություն է, որ այն այլևս գոյություն չունի, ինքնուրույն չէ, այլ ՀՀԿ-ի «կցորդն» է:
– Ոչ, մենք մեր անկախությունը պահում ենք, մենք` որպես առանձին կուսակցություն, գոյություն ունենք, մենք մեր բոլոր հարցերը քննարկում ենք, որոշումները մենք ենք կայացնում: Ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ և վերջ:
– Աժ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները, բացի ՕԵԿ-ից, կողմ չքվեարկեցին ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը: Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կկարողանա՞ն կյանքի կոչել այդ ծրագիրը:
– Ես կարծում եմ, որ կառավարությունն այդ կազմով հնարավորություն չունի և ի վիճակի չի լինի դա կատարել:
– Իսկ Դուք ինչպե՞ս եք քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին:
– Ես կողմ չեմ քվեարկել, ես ընդհանրապես չեմ քվեարկել:
– Ինչո՞ւ:
– Կարծում եմ` կառավարությունն այդ կազմով ծրագիրը չի կարող իրագործել: Դա շատ երկար զրույցի թեմա է:







































