Երեկ երեկոյան Մադրիդում խորհրդարանի շենքը շրջապատած ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և մահակներ: Տուժել է 65 մարդ, ձերբակալվել՝ 40-ը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Իսպանական հեռուստաալիքների փոխանցմամբ` անկարգությունների հետևանքով տուժել է իրավապահ մարմինների առնվազն 27 աշխատակից:
Բախումները ոստիկանության հետ սկսվել են, երբ Նեպտունի հրապարակում, խորհրդարանի շենքից 100 մետր հեռավության վրա հավաքված ցուցարարները որոշել են գրոհել օրենսդիր ժողովի շենքը:
Պատգամավորների գնահատականով` խորհրդարանի շենքի մոտ հավաքված է եղել շուրջ 6000 մարդ:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Մարիանո Ռախոյ Բրեյի պահպանողական կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Նրանք առաջադրել են սոցիալական պահանջներ, ինչպես նաև կոչ են արել արձակել խորհրդարանն ու կառավարությունը և նոր սահմանադրություն ստեղծել:












































