Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հերքել է ռուսական, օտար կամ ներքին կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ կապեր ունենալը: Այդ մասին հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ բարձրաձայնել էին Վրաստանի իշխանությունները:
Իվանիշվիլին այդ մեղադրանքը որակել է որպես անհեթեթություն՝ ընդգծելով, որ այդպիսի լուրերը տարածում են իշխանությունների կողմից հատուկ վարձված անձինք. «Տեսե՛ք, թե ես ինչպես եմ ապրել Ռուսաստանում: Ես 20 տարի է, ինչ իմ ժողովրդի ծառան եմ, տեսե՛ք իմ անցած կյանքի ուղին: Ես սև բծեր չունեմ»:
Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են վարկաբեկող նյութեր հրապարակել վրացական ընդդիմության մասին, որոնք հավաքվել են Ֆրանսիայում: Իսկ Բիձինա Իվանիշվիլին ներկայումս էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, որին Վրաստանի իշխանությունները մեղադրում են Ֆրանսիայում վրացական կազմակերպված հանցագործության, մասնավորապես՝ «օրենքով գողերի» հետ կապեր ունենալու մեջ:












































