«Պրեսս ստենդ» ընկերության սեփականատեր, tert.am-ի հիմնադիր Արման Սահակյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այս անգամ հասնելու է հաջողության: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արման Սահակյանն առաջադրվել էր թիվ 34 ընտրատարածքում և 2500 ձայնով պարտվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանին: Ու Սահակյանը միակ թեկնածուն էր, որը շնորհավորեց իր մրցակցին հաղթանակի առթիվ:
– Պարոն Սահակյան, արդեն հաստատվել են տեղեկությունները, որ Դուք մտադիր եք առաջադրել Ձեր թեկնածությունը թիվ 35 ընտրատարածքում: Ինչո՞ւ եք որոշել կրկին առաջադրվել:
– Նախորդ` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում 14 հազար մարդ ինձ է հավատացել ու վստահել: Կարծում եմ, որ այդ սպասումները պետք է հիմա արդարացնեմ:
– Բայց, այնուամենայնիվ, Դուք հաջողություն չարձանագրեցիք և պատգամավորական մանդատ չստացաք: Ի՞նչ վստահություն ունեք, որ այս անգամ հաջողության կհասնեք:
-14 հազար ձայնը հաջողություն է: Մի՞թե դա հաջողություն չէ: Այնուամենայնիվ դա մեծ արդյունք է համարվում: Շատ ընտրատարածքներում 14 հազար ձայն հավաքող թեկնածուները հաղթեցին: Պարզապես 34 ընտրատարածքում մրցակցությունը բարդ էր: Վերջին պահին 2500 ձայն… պակասեց: Ամեն դեպքում, հավաքած 14 հազար ձայնն իմ թիմակիցների շրջանում մեծ արդյունք էր: Ես միայն հույսեր չունեմ, այլ համոզված եմ, որ այս անգամ հաջողության եմ հասնելու: Դրան նպաստել են իմ ծրագրերը, աշխատանքը: Այս ընթացքում բոլորն ինձ ճանաչել են:
– Զեզ Հայաստանի հանրապետական կուսակցությո՞ւնն է առաջադրելու:
– Այո, ինձ Հանրապետական կուսակցությունն է առաջադրելու:
– Դուք համարվում եք Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմակիցը: Նա այս անգամ Ձեզ խոստացե՞լ է ավելի ակտիվ աջակցել որ չպարտվեք:
– Կեղտոտ հարցեր եք տալիս (ծիծաղում է-Ս. Հ.): Դա ինչ հարց է: Կներեք, բայց ես այդ հարցին չեմ պատասխանի:
– Հայտնի է նաև, որ Դուք գործարար եք: Ինչո՞ւ եք որոշել փոխել Ձեր կարգավիճակը պատգամավորական մանդատի հետ: Եթե ընտրվեք, ո՞վ է զբաղվելու Ձեր բիզնեսով:
– Ես կարծում եմ, որ երկրի համար կարող եմ օգտակար բաներ անել ոչ միայն բիզնես դաշտում: Իսկ իմ բիզնեսով կզբաղվեն իմ ընկերությունների տնօրենները, որոնք որ միշտ զբաղվել են:
– Խոսակցություններ կան, որ Սամվել Բալասանյանի տղան էլ է առաջադրելու իր թեկնածությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել նրա դեմ: Այդ ընտրատարածքում Բալասանյանը ֆեոդալական կարգեր է հաստատել, և բացի նրանց գերդաստանի անդամներից, ցանկացած մեկի հաղթանակը թիվ 35 ընտրատարածքում շատ դժվար կլինի:
– Ես այդպիսի խոսակցություններ չեմ լսել ու չունեմ նման տեղեկություններ: Քանի որ պաշտոնական առաջադրում դեռևս չկա, այդ պատճառով դժվարանում եմ գնահատական տալ: Դա ճիշտ չի լինի:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով, մինչև երեկ Բալասանյաննների մոտ հստակ մտադրություն կար, nր թիվ 3 ընտրատարածքում իր թեկնածությունը պետ է առաջադրի Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին Միսակ Բալասանյանը: Կփոխվի այդ մտադրությունը, թե ոչ ապագան ցույց կտա: Համենայն դեպս, ԲՀԿ-ն դեռևս որոշում չունի այս ընտրատարածքի մասով: «Թիվ 35 ընտրատարածքի հետ կապված ԲՀԿ-ն չունի որևէ որոշում»,-«Ժողովուրդ »-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` դժվարանալով նշել նաև, թե երբ կլինի այդ որոշումը:










































