Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնը, ինչի առիթով էլ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փառատոնի հիմնադիրներից մեկի, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի հետ:
– Տիկի՛ն Շահինյան, այս տարի փառատոնն ի՞նչ ծրագիր է պատրաստել հայ հանդիսականի համար:
– Այս տարի Վերադարձի փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին ու երաժշտասեր հանդիսատեսին կներկայանա 8 համերգով ու կավարտվի հոկտեմբերի 31-ին: Այս փառատոնի ընթացքում կներկայացնենք մի շարք երևանյան ու համաշխարհային պրեմիերաներ, կունենանք համերգներ, որտեղ կներկայացվեն գործիքային նոր համադրումներ, հատուկ համերգներ, որտեղ կնշենք հայ կոմպոզիտորների հոբելյանները: Փառատոնի շրջանակում կնշենք երկու հոբելյան՝ մեկը նվիրում կլինի Վաչե Ումրշատի ծննդյան 90-ամյակին, մյուս հոբելյանը կնշվի հենց փառատոնի փակման օրը և կնվիրվի հայտնի դաշնակահար Ամալյա Բայբուդյանի ծննդյան 85-ամյակին:
-Ի՞նչ երաժիշտներ հանդես կգան փառատոնի շրջանակում, ի՞նչ ստեղծագործություներ հնարավորություն կունենա ունկնդրել հայ հանդիսատեսը:
-Կարող եմ ասել, որ յուրահատուկ մեկնարկ է տրվելու, քանի որ փառատոնի 6 տարիների ընթացքում չենք ունեցել հրավիրված կամերային նվագախումբ և ուրախալի է, որ այս տարի մեզ է հյուրընկալվել «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» (Իսրայել) նվագախումբը և առանձնահատուկ է, որ նվագախմբի հետ համատեղ այսօր հանդես կգա մեր հայտնի թավջութակահար, լիսաբոնաբնակ Լևոն Մուրադյանը: Հատկանշական է, որ նվագախումբը երբևէ հանդես չի եկել Հայաստանում:
Մեր հաջորդ համերգին՝ հոկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ևս պրեմիերա կլինի: Դուետով հանդես կգան դաշնակահար քույրեր Անահիտ ու Արմինե Սողոմոնյանները, որոնք առաջին անգամ միասին Երևանում հանդես կգան: Իսկ հոկտեմբերի 11-ին հանդիսատեսը կունկնդրի «Ֆրատրես Տրիոյին»: Սա նույնպես պրեմիերա է այն առումով,որ փառատոնի ընթացքում կներկայացնենք նոր գործիքների համադրություն՝ դաշնամուր, ջութակ և սաքսոֆոն: Տրիոյի անդամներից միայն մեկն է ազգությամբ հայ՝ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը:
-Համագործակցություն ծնվո՞ւմ է արդյոք հրավիրյալ հայ երաժիշտների ու տեղի հայ երաժիշտների միջև:
-Այո՛, իհարկե՛, կան նաև օրինակներ, նշեմ դաշնակահար Հայկ Մելիքյանի ու շվեդ ջութակահար Հյուգո Տիչիտատիի համագործակցության օրինակը: Հյուգոն հետո հրավիրեց Հայկին մասնակցլու մեծ փառատոնի: Ստեղծվում են կապեր, համագործակցության եզրեր ու դա տալիս է ստեղծագործական նոր հնարավորություններ:
-Համամի՞տ եք այն տարածված կարծիքի հետ, որ ամբողջ աշխարհում մարում է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:
-Համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Երբ հիմնադրում էինք փառատոնը, մտավախություն կար, ու միշտ հարցնում էին՝ միգուցե այլ ժանրում աշխատեք, բայց այսօր կարող եմ ասել, որ ճիշտ ընտրված ծրագրերի միջոցով, որոնք հետաքրքրում են հանդիսատեսին ու հետաքրքիր կատարողների շնորհիվ հնարավոր է նոր հանդիսատես ձևավորել:
-Կարելի՞ է ասել, որ ունեք ձեր կայուն հանդիսատեսը:
-Այո՛, ունենք որոշակի կայուն հանդիսատես՝ երաժիշտների մի մեծ բանակ, և ուրախ ենք, երբ տեսնում ենք նոր հանդիսատես: Ունենք նոր ծրագրեր, ունենք նոր մտահղացումներ, բայց Վերադարձը բախվում է ֆինանսական մեծ խնդիրների: Եթե ունենանք ֆինանսական մեծ հնարավորություններ, կկարողանանք հետաքրքիր երաժիշտների հրավիրել, բայց քանի որ վիճակը կայուն չէ, ոչ միշտ ենք կարողանում:
– Մշակույթի նախարարությունն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է դասական երաժշտության փառատոնին:
-Ո՛չ, մշակույթի նախարարությունը ոչնչով չի օգնում մեզ, թեև փառատոնն արդեն 6 տարեկան է: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված: Մենք ամեն տարի ներկայացնում ենք մեր ծրագիրը: Մշակույթի նախարարությունը շատ կարևոր օղակ է մեր կյանքում, որովհետև մշակույթն ունի կոորդիանացման կարիք: Ես պարզապես մի ցանկություն կարող եմ հայտնել, որ մշակույթի նախարարության համապատասխան բաժիններում աշխատեն համապատասխան մասնագետներ՝ ըստ մասնագիտությունների՝ երաժշտարվեստը ղեկավարի երաժշտագետ, երաժշտության հետ կապ ունեցող որևէ մասնագետ, և ուղղակի իրենք չկոչվեն գլխավոր կամ ոչ գլխավոր մասնագետ:










































