ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ պատասխան է տվել նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին` այն առիթով, որ վերջինս իրեն մեղադրել է արտաքին քաղաքանության մեջ անվճռական լինելու համար: «Եթե նախկին նահանգապետ Ռոմնին մեզ առաջարկում է ևս մեկ պատերազմ սկսել` թող այդպես էլ ասի»,- կիրակի ասել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ռոմնին բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը Իրանի հարցում բավականաչափ խիստ քաղաքականություն չի վարում և չի կատարում իսրայելի անվտանգության ապահովման հարցում իր միութենական պարտավորությունները:
Մասնավորապես, Ռոմնին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ չհանդիպելու Օբամայի որոշումը սխալ է համարել:
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ «մշտապես հաղորդակցվում է Նեթանյահուի հետ» հեռախոսով և լիովին համամիտ է, որ Իրանի միջուկային զենք ստեղծելն անթույլատրելի է: «Դա կսպառնա մեզ, Իսրայելին, ամբողջ աշխարհին և կհանգեցնի սպառազինման միջուկային մրցավազքի»,- ավելացրել է Օբաման:
Նա ասել է, որ ազգային անվտանգության վերաբերյալ որոշումներ ընդունելիս ինքը մտադիր է առաջնորդվել առաջին հերթին իր երկրի շահերով:











































