Հայտնի է, որ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով: Խոսակցություններ կային, որ նախկին վարչապետը ԱԺ է գնում Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը գովելու համար: Կառավարության հայտնի խորհրդակցությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը քննադատեց կառավարությանը, Խոսրով Հարությունյանը յուրովի է մեկնաբանում կառավարությանն ուղղված նրա քննադատությունը:
– Պարոն Հարությունյան, կիսո՞ւմ եք կառավարության նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականները կառավարության գործունեության վերաբերյալ:
– Իհարկե: Նախ` կառավարության ընդհանուր գործունեության գնահատականներ այդ նիստում չեն հնչել: Հանրապետության նախագահը քննարկում էր կառավարությանը վերապահված բազում գործառույթներից մեկի` պետական գնումների ոլորտում ճչացող խախտումների հարցը: Այսինքն` ոչ թե քննարկվում էր կառավարության գործունեությունն ընդհանուր առմամբ, և ոչ էլ փորձ էր արվում տալ գնահատական կառավարության գործունեությանը հանրային կյանքի կազմակերպման ամենատարբեր ոլորտներում կամ նրա տնտեսական քաղաքականությանը: Ընդամենը խոսքը գնում էր պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին, կառավարության գործունեության մեջ տեղ գտած խախտումների մասին: Եվ այն գնահատականները, որոնք հնչեցրեց հանրապետության նախագահը` միանգամայն ճիշտ են, և շատերն են այդ գնահատականները կիսում, անգամ նրանք, ովքեր գնումների պրոցեսին չեն մասնակցել: Այսինքն` կառավարության ղեկավարն անդրադարձավ ընդամենը մեկ հարցի:
– Սակայն Սերժ Սարգսյանը դիմեց և՛ վարչապետին, և՛ տարբեր նախարարների: Այսինքն` միայն մեկ ոլորտին չէր ուղղված նրա դժգոհությունը:
– Երբ որ ինքը խոսում էր առողջապահության նախարարի հետ, խոսում էր պետական գնումների մասին դեղամիջոցների ոլորտում: Եթե խոսում էր Գագիկ Բեգլարյանի հետ, խոսում էր այդ ոլորտում պետական գնումների իրականացման բացերի մասին: Բոլոր դեպքերում, խորհրդակցությունը վերաբերում էր պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման պրոբլեմին, որի առումով առանձնապես կարևորվում է պետական գնումների համակարգը:
– Այսինքն` չե՞ք կիսում մտահոգությունները վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
– Վարվող տնտեսական քաղաքականության մասին ես իմ կարծիքն արտահայտել եմ նաև կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ իմ ելույթում: Կառավարության քաղաքականությունը թերություններից զերծ չի, բայց այնպես չի, որ այդ կառավարության քաղաքականությունը տնտեսությունը տանում է կործանման: Ես այդ կարծիքին չեմ: Ի դեպ, ոչ միայն ես, այլև թվերն են այդ մասին խոսում:
– Իսկ ո՞ւր է տանում մեր տնտեսությունը կառավարության քաղաքականությունը: Թվերը նաև խոսում են արտագաղթի մասին, անկման մասին:
– Չէ՛, թվերը անկման մասին չեն խոսում: Թվերը խոսում են տնտեսական աճի մասին: Թվերը խոսում են արդյունաբերության աճի մասին:
– Իսկ քաղաքացիները խոսում են թանկացումների մասին…:
– Դա շատ բնական է: Մենք ձեզ հետ միասին գտնվում ենք ճգնաժամի կամ հետճգնաժամային պայմաններում: Տնտեսության մեջ, նրա առանձին սեգմենտներում կարող են լինել որոշ տեղաշարժեր, այդ թվում` նաև բացասական: Այդ քաղաքացիները, իհարկե, չեն խոսում գյուղմթերքների թանկացման մասին, որովհետև գյուղմթերքների գները էապես էժանացան գյուղմթերքների այս արտադրության սեզոնում: Դրա փոխարեն, օրինակ, ունենք հացամթերքների ոլորտում թանկացում, որը պայմանավորված է հացահատիկի միջազգային գների բարձրացմամբ: Դրանք չեն կարող որակել կառավարության տնտեսական քաղաքականությունը, որովհետև կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում մենք ունենք էական տեղաշարժեր տնտեսության կառուցվածքի մեջ:
– Այսինքն` որպես նախկին վարչապետ, դուք գո՞հ եք ներկա վիճակից:
– Օրինակ` դուք կարո՞ղ եք ինձ ասել վերջին 5, 6, 7 տարիների ընթացքում եղե՞լ է, որ մենք արձանագրենք առանց հանքահումքային սեգմենտի արդյունաբերության մոտ 13, 14 տոկոս աճ: Դուք հիշո՞ւմ եք էդպիսի դեպք: Չեք կարող մտաբերել:
– Սակայն ինչո՞ւ քաղաքացին չի զգում այդ աճը:
– Ասեմ Ձեզ, որովհետև կամաց-կամաց, աստիճանաբար դա կզգացվի: 13-14 տոկոսանոց աճը դա չի նշանակում, որ մեր չօգտագործվող արտադրական հզորությունները ամբողջապես գործարկվելու են: Դա չի նշանակում, որ մեզանում առաջացել է հսկայական մեծ պահանջարկ որակյալ աշխատատեղերի և գործազրկությունն այսօր էապես նվազում է: Բայց որ կան տեղաշարժեր, այն էլ` հետճգնաժամային պայմաններում, դա ակնհայտ է: Եթե խոսում ենք կառավարության գործունեության մասին ընդհանրապես, խոսենք այս տեսանկյունից ևս: Ես կրկնում եմ, կառավարության գործունեությունը զերծ չէ թերություններից, բայց պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դրել իր առջև, ինչ թիրախային նպատակներ է դրել և ինչպես է փորձում կառավարությունը դրանք իրացնել: Արդյոք տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրն արդարացվա՞ծ է, թե` չէ, որպես հետճգնաժամային հիմնական զարգացում, և արդյոք կառավարությանը հաջողվո՞ւմ է այդ ուղղությամբ քայլեր կատարել: Գնահատելու համար էսպես է հարկավոր հարցը դնել: Ես կարծում եմ, որ նման հարցադրումը միանգամայն արդարացված է, և այդտեղ մենք ունենք զգալի տեղաշարժ:
– Պարոն Հարությունյան, երբ Դուք նոր էիք ընդգրկվում ՀՀԿ ցուցակում, տեսակետներ շրջանառվեցին, որ ԱԺ եք գալիս վարչապետին ու կառավարության տնտեսական քաղաքականությունը գովելու համար:
– Ժամանակը ցույց կտա` արդյոք դա ճիշտ է, թե ոչ:
– Բայց փաստորեն հիմա գովաբանում եք կառավարությանը:
– Ես փաստն եմ ասում, չեմ գովում կառավարությանը: Ես ասում եմ` կառավարության գործունեությունը զերծ չէ թերություններից, բայց եթե ուզում եք ասել` արդյոք նա կործանում է տնտեսությունը, ես ասում եմ` ոչ:









































