Քիչ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի մյուս լիդերների հետ միասին արդեն ժամանել է Մատենադարանին հարող հարթակ:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարտի մեկի տարելիցին իրենք հավաքվել են ոչ թե նվնվալու, այլ պայքարելու համար: Պարոն Մանուկյանը մեկ առ մեկ հիշեց Մարտի մեկի զոհերին և հայտարարեց, թե նրանց սպանության մեղավորները պատասխան են տալու:
Այժմ ելույթ է ունենում մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը
Վերջինս իր ելույթում հայտարարեց, թե արդեն երեք տարի` չի ցամաքում ծնողների արցունքը: Նա ասաց, թե ավազակապետության դեմ պայքարում իրենք վճռական ե, եւ վստահ, որ ոճրագործները պատասխան են տալու:
Սարգիս Քլոյանը ամոթանք տվեց բոլոր նրանց, որոնք մասնակցել են Մարտի մեկի սպանդին` արատվորելով հայ զինվորի անունը եւ հիմա զնդաններում են պահում քաղբանտարկյալներին:
Ապա ելույթ ունեցավ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Վերջինս իր ելույթում ասաց, որ իշխանությունները ժողովրդի դեմ հանեցին ոչ միայն ոստիկանությանը, այլև զինված ուժերին, և ըստ նրա` այդ օրը դարձել է անմեղ զոհերի հիշատակի օր: Ըստ նրա` փակ ճանապարհները խոչընդոտ չեն հանդիսացել մարզերի բնակիչներին, որ մասնակցեն հանրահավաքին: Նա կոչ արեց ժողովրդին կանգնել իրենց կողքին որպեսզի հասնեն պայքարում հաղթանակի: Տիկին Ալլան նաեւ հիշեցրեց, որ իրենք սպառել են բոլոր պետական ատյանները, թեև ի սկզբանե չեն ակնկալել նրանցից արդյունք: «Միասին կարող ենք հասնել հաղթական ավարտին»,- ասաց տիկին Ալլան:
Ապա ելույթ ունեցավ Անդրանիկ Քոչարյանը. նա հիշեցրեց, որ Մարտի մեկը մշտապես իրենց համար եղել է ուրախության օր, քանի որ այդ օրը իրենք մշտապես Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ նշել են յուրահատուկ կերպով: Սակայն Մարտի մեկին կրակելով ժողովրդի վրա` իշխանությունները սպանդ իրականացրին: Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե փաստահավաք խումբը առաջընթացի էր հասել իր աշխատանքում, եւ առաջին զեկույցի հրապարակումից հետո իշխանությունները գիտակցեցին փաստահավաք խմբի վտանգը, լուծարեցին այն:
Քոչարյանի խոսքերով, դրանից հետո իրենք եւս երեք զեկույց հրապարակեցին: Նա պաշտոնապես հայտարարեց, թե բացահայտված են Մարտի մեկի սպանությունների հանգամանքները` ովքեր ինչ դերակատարում են ունեցել այդ գործում, եւ այլն: «Պատահական չէ, որ երեք տարիների ընթացքում իրենց բռնություններն արդարացնող որեւէ հիմնավորում չկարողացան գտնել»,- ասաց նա: Քոչարյանի խոսքերով, փաստահավաք խմբին հայտնի են նաեւ այն պաշտոնայների անունները, որոնք այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի մոտ հատուկ շտաբի նիստին էին մասնակցում:
Անդրանիկ Քոչարյանը հիշատակեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի անունը, որը հիմնավորում էր Մարտի մեկին ցուցարարների վրա զենք կիրառելու անհրաժեշտությունը: Նա հիշատակեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի անունը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանի անունները: Քոչարյանը հիշատակեց Միխայիլ Հարությյունյանի հայտնի հրամանը, որ դեռ փետրվարի քսաներեքից զինված ուժերը հանել էին ոտքի: Բանախոսը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ վարչապետ էր, եւ նրա ղեկավարած կառավարության շենքում էին տեղակայվել զորքերը:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այդ մարդիկ կպատժվեն համաժողովրդական շարժման հաղթանակից հետո:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այս պահին հայտարարեց, որ ցուցարարների շարքը հասնում է մինչեւ պոնչիկանոց, իսկ դա, ըստ նրա, մեծ թիվ է: Իսկ ժողովուրդը ողջունելով սկսեց վանկարկել «Հի-մա, հի-մա»:
Ապա ձայնը տրվեց Դավիթ Շահնազարյանին. վերջինս իր ելույթում ասաց, թե որեւէ մեկը չի կասկածում շարժման հաղթանակին: Ըստ նրա` երեք տարի առաջ այս օրը իշխանությունն իրականացրեց բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` տասը սպանություն:Նա անդրադարձավ միջազգային հանրության արձագանքներին: ԵՄ-ն արտահայտեց իր խորը մտահոգությունները և՛ մարտի մեկին, և՛ դրանից հետո կոչ արեց ՀՀ իշխանություններին ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին:
«Մինչ այդ ընդդիմույթունը պահանջել էր միջազգային քննություն: ԵՄ-ի այս հայտարարությունից բխող որեւէ քայլ իշխանույթունները չարեցին»,- նշեց Շահնազարյանը: Նա նշեց, որ միակ քայլը, որն արվեց, փաստահավաք խմբի ստեղծումն էր, և արդյունքում` այդ խումբը հասավ Մարտի մեկի սպանությունների բացահայտմանը, ինչի պատճառով էլ այն լուծարվեց:
«Վերականգնում ենք մեր պահանջը` Մարտի մեկի դեպքերի միջազգային հետաքննություն»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ որքան շուտ ԵԽ-ն ու ԵՄ-ն դիմեն այդ քայլին, այդքան լավ:
Նա նշեց նաև, որ միայն ընտրությունների միջոցով են իրենք գալու իշխանության, ընդ որում` արտահերթ ընտրությունների միջոցով:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությամբ ևս միացավ հանրահավաքին. ցուցարաները ծափահարում են:
Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ մինչեւ հարթակին հասնելը, շատ անհամբեր մարդկանց տեսավ: Նա կոչ արեց հավատալ իրենց գործողություններին, քանի որ դրանք հաշվարկված են: Ըստ Զուրաբյանի` հսկայական այս հանրահավաքը ցույց է տալիս, որ իշխանություններին քիչ կյանք է մնացել, որ ժողովրդի համբերությունը հատվում է: Ըստ նրա` իշխանությունները ստեղծված վիճակում ունեն երկու ճանապարհ. առաջինը հասկանալ, որ աճող համաժողովրդական բողոքի դեմն առնելու շանս չունեն, հասկանան, որ ժողովրդի արդարացի բողոքների դեմ բռնության կիրառմամբ հակառակ արդյունք են ստանալու, ուստի` պետք է զիջեն համաժողովրդական պայքարի ճնշմանը:
Նրա կարծիքով, ռեժիմի եւ ժողովրդի միջեւ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այսինքն` քաղաքական երկխոսությամբ: Իսկ դա բխում է ե՛ւ իրենց, ե՛ւ պետության շահերից:
«Սերժ Սարգսյանի համար քաղաքական երկխոսության ճանապարհը բաց է»,- ասաց նա` հավելելով, թե երկխոսությունը կարող է կայանալ մինչև համաժողորդական ակտիվության կայացում: Դրանից հետո այլեւս երկխոսություն չի լինի:
Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը չի խոսելու Մարտի մեկի եւ դրա հետեւանքների մասին, թեեւ` գլուխ է խոնարհում բոլոր զոհերի առաջ եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջում: Նա չի խոսելու նաեւ թանկացումների մասին, քանի որ այն բացի սոցիալականից` քաղաքական հարցի է վերածվել: Ըստ Սարգսյանի` չի խոսելու անգամ Հայաստանի մասին, այլ Թունիսի, Եգիպտոսի եւ Լիբիայի մասին: Ըստ նրա` այդ հեղափոխությունները չեն ավարտվել, սակայն քաղաքական ու գաղափարական փոփոխություններ եղան:
Նա նշեց, թե ժողովուրդը դուրս եկավ հրապարակ տարբեր պատասխաններ ստացավ, բայց չհեռացավ: Ըստ նրա` իշխանությունները սկսեցին բարեփոխումներ խոստանալ, բայց ժողովուրդը, միեւնույնն է, իշխանափոխություն է պահանջում: «Լիբիայում վարձկաններով, տանկերով գնացին ժողովրդի դեմ, բայց արդյունքում ժողովրդի թիվն ավելացավ»,- նշեց նա` հավելելով, որ այդ իշխանությունները սեփական ժողովրդի նզովքին են արժանացել, իսկ միջազգային հանրությունը պատժամիջոցներ իրառեց:
Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանում էլ մարդիկ պակաս թրծված չեն, քանի որ տեսել են ապրիլի տասներկուս եւ մարտի մեկ:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց, որ Մարտի մեկից հետո քաղբանտարկյալները գտնվում են բանտերում, եւ պահանջեց նրանց ազատ արձակումը: Ժողովուրդը տեւական ծափերով ու վանկարկումներով ընդհատեց Դեմիրճյանին: Նա նշեց, թե ստի ու կեղծիքի վրա հիմնված, սեփական ժողովրդի վրա կրակող իշխանությունները պետք է հեռանան: «Հի-մա, հի-մա»,- սկսեցին վանկարկել հանրահավաքի մասնակիցները: «Մեր հարգանքի տուրքը մատուցելով` շարունակելու ենք պայքարը հանուն ազատության եւ արդարության հաղթանակի»:
«Ձայն բազմաց, ձայն Աստծով»,- ասաց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, եւ ըստ նրա` բազմության ձայնը պահանջում է իշխանափոխություն, որը պետք է լինի:
Այժմ հարթակի մոտ է ՀՀ Հիմնադիր Նախագահ ԼԵւոն Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ ցուցարարները գնալով շատանում են` հասնելով Նաիրի կինոթատրոնի մոտ:
Ոստիկանները մի խումբ ցուցարարների տարել են ոստիկանության բաժանմունք:
Կայքի բոլոր տեսանյութերը կարող եք դիտել «Տեսանյութ» բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html










































