Լիբիայի իշխանությունները որոշել են արձակել բոլոր զինված խմբավորումներին, որոնց ստեղծումը արտոնված չի եղել պետության կողմից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Որոշում է ընդունվել արձակել ոչ լեգիտիմ հիմքերով ստեղծված զինված խմբավորումներն ու ջոկատները»,- ասվում է Համընդհանուր ազգային կոնգրեսի ղեկավար Մուհամեդ Յուսուֆ ալ-Մակրիֆայի հայտարարությունում:
Լիբիայի իշխանությունները որոշել են Բենղազիի կենտրոնում ստեղծել օպերատիվ կենտրոն, որում կընդգրկվեն ՆԳՆ, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կազմում հաշվառված զինյալների խմբերի ներկայացուցիչները: Այդ մարմինը կհամակարգի ապօրինի զինված խմբավորումների զինաթափման գործընթացը: 2011-ի փետրվարից հոկտեմբեր տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում հյուսիսաֆրիկյան երկրում ի հայտ էին եկել բազմաթիվ զինված խմբավորումներ, որոնք պայքարել են Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ:
Պատերազմից հետո Լիբիայի նոր իշխանությունները նրանցից մի քանիսին ներառել են նոր ՆԳՆ-ի և ՊՆ-ի կազմում:
Հաղորդվել է, որ ուրբաթ երեկոյան Բենղազիում Լիբիայի կառավարության կողմնակիցները ցույց են անցկացրել ընդդեմ զինված խմբավորումների, որոնք հրաժարվում են ապստամբությունից հետո զենքերը հանձնել: Ցուցարարների կարծիքով` այդ խմբերի ներկայացուցիչներն են մեղավոր անցած շաբաթ ամերիկացի դեսպանի սպանության մեջ:
Դերնա քաղաքում գործող լիբիացի գրոհայինների երկու ազդեցիկ խմբավորումները հայտարարել են ինքնալուծարման մասին: Տեղի բնակիչների տվյալներով`Աբու Սալիմ և Անսար-ալ-Շարիա խմբավորումները լքել են իրենց ` համապատասխանաբար 3 և 2 ռազմաբազաները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անսար-ալ-Շարիա իսլամիստական խմբավորման անդամները, որոնք, որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով, կապեր ունեն Ալ-Քաիդայի հետ, լքել են Բենղազիում տեղակայված իրենց ռազմաբազան` կառավարամետ ցուցարարների գրոհից հետո:










































