Օգոստոսի 28-ից Հայաստանում պաշտոնապես բացվել է սիրողական որսի շրջանը: Նշենք, որ որսի համար թույլատրելի կենդանիների ցուցակը նախապես կազմվում է բնապահպանության նախարարության կողմից, ապա ներկայացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության ինստիտուտ՝ գիտնականների կողմից վերահսկվելու:
Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեզ համար գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես է իրականացվում որսը. «Ցուցակը միանշանակ կազմվում է ճիշտ, մեր խնդիրն է հետևել, թե ինչպես է իրականացվում որսը, իսկ բնապահպանության նախարարությունը որևէ գործնական քայլ չի անում, այդ պատճառով էլ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք` կապված որսագողության հետ»:
Վերջինիս հավաստմամբ` այժմ որսագողությունը շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում` բոլոր սեզոններին. «Խոսրովի արգելոցում կրակում են վարազի, արջի վրա, որոնց որսը խստիվ արգելված է: Կրակում են նաև այն ժամանակ, երբ որսի շրջան չէ»:
Բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանի խոսքով, սակայն, անկախ նրանից` որսաշրջան է, թե ոչ, նախարարությունը վերահսկում է որսը: Նրանք սեզոնի բացվելուց հետո արդեն 6 խախտում են հայտնաբերել. «Որսի խախտումներ ենք հայտնաբերել Տավուշի, Կոտայքի մարզերում և Լոռու մարզի Տաշիրի շրջանում: Հայտնաբերել ենք դեպք, երբ չհաշվառված զենքով է որս իրականացվել: Զենքերն առգրավել և հանձնել ենք ոստիկանություն: Արդեն 1 մլն դրամից ավելի գումար է մուծվել պետբյուջե, և դեռ վարույթում գտնվող գործեր էլ կան»:
Վերջինիս խոսքով` տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ արձանագրվում է այնպիսի կենդանիների որս, որոնք գտնվում են Կարմիր գրքում, բայց հիմա քանի որ որսաշրջանը բացված է, որսորդները կենտրոնացած են այն կենդանիների վրա, որոնք թույլատրվում են:
Բնապահպան Սիլվա Ադամյանի համար, սակայն, շատ ավելի կարևոր է այն, թե որքանով է վերահսկվում որսը, քան որսորդության օրինական թույլտվությունը. «Բնապահպանության նախարարությունը պետք է փորձի լծակներ ստեղծել որսորդության սեզոնին: Հատկապես դժվար վերահսկելի է թռչունների որսը, քանի որ որսորդները հաճախ չեն էլ տարբերում, թե ինչ տեսակի թռչուն է՝ առավելագույնը տարբերում են կաքավը: Բայց իրենք էլ մեղավոր չեն. նրանք չգիտեն, որ այդ թռչունները տեղ են զբաղեցնում Կարմիր գրքում: Իրենք ասում են` թույլ են տվել կրակել, մենք էլ կրակում ենք»: Ապա նաև հավելեց, որ ընդհանրապես դժվար է վերահսկել որսը բոլոր վայրերում, քանի որ անտառապահները քիչ են և չնչին աշխատավարձով մի ամբողջ տարածք են հսկում, ընդ որում` առանց համապատասխան սարքավորումների: Այդ ամենը նույնպես պետք է կարգավորվի նախարարության կողմից:








































