Հայաստանի անկախության տոնը Միացյալ Նահանգների համար կարծես թե առիթ է հանդիսացել դրսևորելու Հայաստանի հանդեպ ներկայիս վարչակազմի առանձնահատուկ վերաբերմունքը: Բանն այն է, որ Հայաստանին անկախության տոնի առիթով շնորհավորել են թե՛ նախագահ Օբաման, թե՛ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, թե՛ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Եվ դա այն դեպքում, որ օրինակ՝ մինչ այդ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից որևէ պաշտոնական շնորհավորանք դեռ չէր հասել Հայաստան:
Միևնույն ժամանակ, Նահանգների առանձնահատուկ վերաբերմունքի դրսևորում է թերևս նաև այն, որ Վաշինգտոնը շարունակում է ձեռքը պահել սաֆարովյան գործի զարկերակին, և դա անել հրապարակավ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առայժմ բավարարված չէ Բուդապեշտի և Ադրբեջանի բացատրություններից: Անկասկած, սա ժեստ է Հայաստանի ուղղությամբ, աջակցություն է պաշտոնական Երևանին, այն դեպքում, երբ մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից Ռուսաստանն, օրինակ, մինչ այժմ ընդամենը բավարարվել է Սաֆարովի գործին մեկ անգամ անդրադառնալով՝ ԱԳՆ փոքրիկ հայտարարությամբ: Այս համեմատության նպատակն, անշուշտ, Ամերիկայի և Ռուսաստանի միջև լավի ու վատի պարզաբանումը չէ: Այստեղ խնդիրը քաղաքականությունն է, քաղաքական միտումները, քաղաքական ենթատեքստերն ու կոնտեքստները: Այստեղ ընդամենը կա իրավիճակի գնահատման կարիք, որից էլ պետք է բխեն Հայաստանի քաղաքական որոշումները:
Որևէ կասկած չկա, որ Նահանգները ամենևին էլ Հայաստանի կամ հայերի հանդեպ առանձնահատուկ սիրուց չէ, որ փորձում է աջակցող քայլեր կատարել: Խնդիրը բնականաբար քաղաքական շահն է, թեև դա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ չի կարող լինել նաև համակրանք հայ ժողովրդի հանդեպ: Բայց այդ շահն անշուշտ համակրանքով չէ, որ պայմանավորվում է: Պարզապես, Նահանգները տարածաշրջանում ազդեցության համար պայքարում, ի տարբերություն Ռուսաստանի, փորձում է ոչ թե Հայաստանը մանրադրամ դարձնել, ինչն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ առումով չի բխում նրանց շահերից, այլ Հայաստանի վրա կառուցել նոր տարածաշրջանի այն կոնցեպտը, որով Նահանգները փորձում է պատկերել Հարավային Կովկասի ապագան:
Բանն այն է, որ այդ ապագայի հիմքում, բնականաբար, պետք է լինի ոչ միայն ռազմական պոտենցիալը, այլ նաև դրա հետ ներդաշնակ տնտեսա-քաղաքական հայեցակարգը: Այդ տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանում ամենահաջողակ և արդյունավետ պետությունն է: Իհարկե, այստեղ կա մեծ հարաբերականություն, քանի որ մեր ինքնագնահատականն, իհարկե, մեղմ ասած շատ ավելի խիստ է: Սակայն այստեղ ամերիկացիներն էլ հիացած չեն անկասկած: Պարզապես տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ, ռազմական և տնտեսա-քաղաքական ներուժի համադրության տեսանկյունից Հայաստանը պրակտիկ հաջողություններ արձանագրած միակ պետությունն է: Եվ այստեղ, բնականաբար, մոլորություն կլիներ այլ պետության վրա խաղադրույք կատարելը՝ ռազմավարական իմաստով, քան Հայաստանը, եթե իհարկե տվյալ խաղադրույք կատարող կենտրոնի խնդիրը տարածաշրջանը նոր որակի, նոր հարթության վրա դնելն ու այդպիսով մինչ այժմ արձանագրված ազդեցությունների համար պայքարի առաջին խաղակեսը իր օգտին ավարտված արձանագրելն է: Իսկ Նահանգների խնդիրը կարծես թե հենց դա է:
Ի տարբերություն դրա, Ռուսաստանի խնդիրն այլ է: Մոսկվան հասկանում է պարտությունը, նահանջը, և ունի այն ինչ-որ բանով փոխանակելու, առնվազն ժամանակ շահելու նպատակ: Իսկ Հայաստանից բացի, Մոսկվան Հարավային Կովկասում ոչինչ չունի: Հետևաբար, որևէ բան շահելը կամ փոխանակում անելը կարող է տեղի ունենալ Հայաստանի հաշվին, ու եթե դա տեղի չունենա, Ռուսաստանը փաստորեն պետք է ստիպված լինի համակերպվել առնվազն առաջին խաղակեսում ամերիկյան հաղթանակի և նոր հարթության արձանագրման հետ: Այստեղ է, թերևս կովկասյան քաղաքական պրոցեսների առանցքային վեկտորներից մեկը, և այս է, որ Հայաստանը պետք է արձանագրի իր համար, ձերբազատվելով ռեգիոնալ քաղաքականության ստրկամիտ ընկալումներից:









































