Նախկին ԽՍՀՄ տարբեր երկրների հետ Ռուսաստանը տարբեր կերպ է կառուցում հարաբերությունները: Այսօր Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի ուղղությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ անդրադառնալով Ղրղըզստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարացման ու այդ համատեքստում Ղրղըզստանի կես միլիարդ դոլարանոց պարտքի ներման վերաբերյալ հարցին:
Ըստ քաղաքագետի՝ այսօր ԱՄՆ հայտարարություններին Ռուսաստանը պետք է արագ և ադեկվատ պատասխանի: «Այսօր մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռուսական ռազմաբազաների ժամկետը երկարացվում է, այլև 2014 թվականին կլիկվիդացվեն Բիշքեկի օդանավակայանի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները: Ես կարծում եմ, որ պարտքի հարցը ներառված է համալիր համաձայնագրում, որը ոչ միայն բազան է ներառում, ոչ միայն պարտքերի հարցը, այլև, օրինակ, Ռուսաստանի ներդրումների հարցը Ղրղըզստանի հիդրոէներգետիկայի համալիրում»,- ասաց Վլասովը:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի պարտքի ներման վերաբերյալ էլ ռուսական կողմը որոշում չի կայացնում, ռուս քաղաքագետը նշեց, որ Ղրղըզստանի և Հայաստանի դեպքերը տարբերվում են հենց տարածաշրջանային տեսանկյունից: Ըստ նրա՝ Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը Ռուսաստանից պահանջում է նմանօրինակ լուրջ և կարևոր որոշումներ ընդունել: «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը Ռուսաստանի համար պակաս կարևոր է, քան Ղրղըզստանը»,- ընդգծեց նա:










































