Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանում անցկացվել է զորահանդես՝ կապված «Սրբազան պաշտպանության» շաբաթի բացման հետ: Այդ զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են զենիթա-հրթիռային նոր համակարգեր:
Խոսքը RAD զենիթա-հրթիռային համալիրների մասին է, որոնք կհամալրեն Իսլամական հեղափոխության պահակազորի սպառազինությունը: Այդ համալիրների հրթիռներն ի վիճակի են թշնամական թիրախները խոցել մինչև 50 կիլոմետր հեռավորությունից:
Իրանում ամեն տարի անցկացվում է «Սրբազան պաշտպանության» շաբաթը՝ ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ զոհվածների: Իրանա-իրաքյան պատերազմը սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ իրաքյան բանակը ներխուժեց Իրան: 8 տարի տևած այդ պատերազմն ավարտվեց 1988 թվականի օգոստոսին կնքված հրադադարի համաձայնագրով, որը փոփոխություններ չմտցրեց երկու երկրների ցամաքային սահմաններում:








































