Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ չի կարելի սահմանափակվել միայն ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հրաժարականով, որին համարում են քրեակատարողական համակարգում իրականացված կտտանքների մեղսակից.
«Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ախալայան բարեփոխիչ է, որ նա արդյունավետ նախարար է, իսկ ստացվեց, որ Ախալայան սադիստ է և հանցագործ: Կարծում եմ, որ Սաակաշվիլին նույնպես սադիստ ու հանցագործ է, և նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Հրաժարականները չեն օգնի: Ախալայայի դեմ պետք է սկսել քրեական հետապնդում:
Նույնը պետք է անել արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ, ում գերատեսչությունը պատասխանատվություն է կրում օրենքի ի կատար ածման համար: Այս ամենի համար պատասխանատուն Սաակաշվիլին է, և պետք է քրեական գործ հարուցել նրա դեմ: Բոլորը պետք է կանգնեն դատարանի առջև»:







































