Մամուլում այսօր տեղեկություններ կան այն մասին, որ «Ժառանգություն» խմբակցության անդամները մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսի հրավիրած այսօրվա հանրահավաքին:
«Առաջին լրատվականը» քիչ առաջ զրուցեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ, որը մեզ հայտնեց, որ նման հարցերում, թե` ով, որտեղ գնա, իրենք կոլեկտիվ որոշում չեն ընդունում, ազատական կուսակցություն է:
Մեր հարցին, թե կոնկրետ Ստեփան Սաֆարյանը կմասնակցի՞ այսօր կայանալիք հանրահավաքին, նա պատասխանեց.
«Ո՛չ բացառում եմ, ո՛չ էլ կարող եմ հաստատել այս պահին, որովհետև առայժմ չգիտեմ իմ օրվա գրաֆիկը: Եթե ազատ լինեմ, անշուշտ, կփորձեմ մասնակցել, որովհետև Մարտի 1-ն է, ամեն ինչից վեր` այսօր այդ ողբերգությունը և զոհերին հիշելու օրն է: Գոնե երթին, եթե հնարավորություն ունենամ, կմասնակցեմ, եթե կարողանամ հանրահավաքին էլ ներկա լինել` կլինեմ»:
Ս.Սաֆարյանից տեղեկացանք նաև, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության և խմբակցության համատեղ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել ԱԺ-ում խմբակցության հետագա մասնակցության խնդիրին.
«Որոշումը միանշանակ է` չմասնակցել այս քառօրյային որևէ կերպ, իսկ մնացած հարցերի շուրջ արդեն կուսակցության խորհրդում որոշում կայացնել»: