ՀՀ նախագահի` կառավարությունում վարած հայտնի խորհրդակցությանը, որտեղ երկրի ղեկավարը գերատեսչությունների ղեկավարներին մի լավ ամոթանք տվեց, երեկ հետևեց վարչապետի՝ պետգնումների ոլորտի ղեկավար մարմինների պաշտոնանկություն անելու որոշումը: «Առավոտ»-ը գրում է, որ ընդ որում, վարչապետին հենց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է հուշել, որ այդ ոլորտում առկա «ատկատները» մեծամասամբ ղեկավարների «մեղքով էին» կատարվում:
Պաշտոնանկության ենթակա ղեկավարները, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, ընդամենը քավության նոխազ էին, և պաշտոնանկ արվող նոխազների շարքը դեռ շարունակվելու է, բայց երբեիցե չի լինի կառավարության ղեկավար կամ ֆինանսների նախարար: Ըստ Վահագն Խաչատրյանի` այսօրվա համակարգի դեպքում, ով էլ լինի նշված պաշտոնում, կատարելու է համակարգի պատվերը. «Այսինքն` ինքը էլի պիտի զբաղվի կոռուպցիայով, կաշառակերությամբ, գողություն անի ու մասնաբաժին հանի վերևներին: Եվ այն ներկայացումը, որին մենք ականատես եղանք, երբ Սերժ Սարգսյանն էր գնացել կառավարություն, բոլոր ավտորիտար համակարգերին բնորոշ ցուցադրական բան էր: Երկրի ղեկավարը փորձում է ցույց տալ, թե ինքը տեղյակ չէր, ինքը փորձում է լուծել խնդիրը: Ռուսական կայսրության ժամանակ էլ էդպես էին ասում` ցարը մեզ կփրկի, ցարը տեղյակ չէր»:











































